03/11/2017 13:27
Հայաստանը հետևողական աշխատում է պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ. Սերժ Սարգսյան
Հայաստանը հետևողականորեն աշխատում է պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Նյու Դելիում «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին իր ելույթում, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
«Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ բազմաթիվ խնդիրներ պահանջում են համատեղ և համապարփակ լուծումներ: Այդպիսի խնդիրներից է օրինակ՝ պարենային ապահովությունը: Հայաստանը 2015թ. սեպտեմբերին կայացած՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման գագաթնաժողովում ընդունել է Կայուն զարգացման հռչակագիրը և օրակարգը, որտեղ 17 նպատակներից մեկը պարենային ապահովությունն է, ինչպես նաև գյուղատնտեսության կայուն զարգացման խթանումը»,- ասել է ՀՀ նախագահն` ավելացնելով.
«Հայաստանը հետևողականորեն աշխատում է այս նպատակներին հասնելու համար, և թե՛ ներքին քաղաքականության իրականացման, թե՛ ճկուն արտաքին տնտեսական քաղաքականության շնորհիվ մենք տարիներ շարունակ հաջողություններն ենք գրանցում դրանց հասնելու ուղղությամբ»: