03/11/2017 12:38
Արցախյան հարցի փոխզիջումային լուծումը կողմերի համար ցավոտ կլինի. Շավարշ Քոչարյան
Այսօր ԱԺ-ում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին լրագրողները հիշեցրեցին, որ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարել է, որ ԼՂ կարգավորումը լինելու է ցավոտ և հետաքրքրվեցին՝ ի՞նչ նկատի ուներ Ս.Սարգսյանը։
Ի պատասխան Շ.Քոչարյանն ասաց. «Նախագահն ակնարկում է, որ եթե Ադրբեջանը խելքի գա և իրոք, լուծումը լինի փոխզիջումային, ապա բնական է, որ դա կողմերի համար ցավոտ կլինի։ Այսօր, սակայն, դրա որևէ նշան չկա, որ Ադրբեջանը պատրաստ է լուծման»։
Հարցին, թե հայկական կողմի համար ինչո՞ւ պետք է ցավոտ լինի, Շ.Քոչարյանը պատասխանեց, որ բանակցությունների ընթացքում կան հարցեր, որոնք բացառապես վերաբերվում են Արցախին։
«Առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նմանատիպ հարցեր ոչ ոք չի կարող քննարկել և դա շատ լավ հասկանում են միջնորդները ու պատահական չէ, որ միշտ ասում են՝ երբ փուլը գա, որ պետք է կոնկրետ առաջ շարժվեն, առանց Ղարաբաղի դա հնարավոր չէ», -նկատեց Շ.Քոչարյանը։
Հարցին, թե մինչև ապրիլ, այսինքն՝ մինչև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը հնարավոր համարվո՞ւմ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, Քոչարյանը արձագանքեց. «Դրա մասին որևէ բան չի խոսվել»։