04/11/2017 09:52
Հոկտեմբերին արձանագրվել է 0,8% գնաճ. «Փաստ»
«Փաստ»-ը, հղում անելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին, գրել է, որ հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0,8% գնաճ:
«Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նշված ժամանակահատվածում աճել են 1,2%–ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 1,9%–ով: Համաձայն ԱՎԾ–ի՝ 2017 թվականի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 1,3% գնաճ: Ինչը հիմնականում պայմանավորվել է մսի, ձկնամթերքի, կաթնամթերքի, պանրի, ձվի, յուղերի, բանջարեղենի՝ 1,3–11,8% գնաճով:
Այսպես՝ բանջարեղենի գները մեկ ամսում բարձրացել են 11,8%–ով: Բանջարեղենի ամենաբարձր գները Եղեգնաձոր քաղաքում է գրանցվել՝ 8,8–14,3%: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 120%–ով:
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2017 թ. հոկտեմբերին 2016 թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 13,1%, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 5,6% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կարագի 12,3% գնաճով: Շուկայում արձանագրվել է կարագի 38,9% գնաճ: «Նոր զելանդական» տեսակի կարագի գինն աճել է 51,8%: Ի դեպ, նախորդ տարի նույն ամսին գինը կազմել է 2803,2 դրամ, այս տարի՝ 4255,2: Կարագն ամենաթանկը Հրազդանում է վաճառվել:
Ըստ ԱՎԾ–ի՝ կաթնամթերքի պանրի և ձվի գները բարձրացել են 2,5%–ով: Ձվի գինն աճել է 3,3%–ով», - գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: