06/11/2017 10:40
2018-ի բյուջեով առողջապահության ոլորտին հատկացումներից 5 մլրդ կրճատելը գոնե տրամաբանորեն ճիշտ չէ. Հակոբ Հակոբյան
2018 թվականի բյուջեով նախատեսվում է Առողջապահության նախարարությանը տրամադրել 80.1 մլրդ դրամ, որը բացարձակ թվով շուրջ 5.8 մլրդ դրամով ավելի պակաս է 2017-ի ցուցանիշից, ԱԺ-ում 2018-ի բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։
«Շահառուներին մատուցվող ծառայութնուները չեն վատթարացվի, ճիշտ հակառակը՝ փոքր բյուջեով հնարավոր է մեծ հաջողությունների հասնել», - ասաց նա։
Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը չհամաձայնեց մտքի հետ՝ նշելով, որ առողջապահության ոլորտում լուծում պահանջող այնքան խնդիր կա, որ լուծելու համար բյուջեն չպետք է կրճատվի։
«Ոլորտում այնքան խնդիրներ ունենք լուծելու, որ 5 մլրդ կրճատելը գոնե տրամաբանորեն ճիշտ չէ», - նշեց Հակոբ Հակոբյանը։
Փոխնախարարն էլ նկատեց, որ յուրաքանչյուր ոլորտում էլ ավելի շատ հատկացումների կարիք կա, քան տրամադրվում է։
«Ցանկացած ոլորտի պարագայում կարիքն ավելի մեծ է, քան հնարավորությունները, որոնք հատկացվում են այդ կարիքները բավարարելու համար», - ընդգծեց Ջանջուղազյանը։