06/11/2017 16:05
Ինձ չեմ կարող դասել երջանիկ կանանց շարքում, բայց փաստ է՝ երջանիկ մայրիկ եմ. Դինա Ակոպովնա
Հաղորդավարուհի Դինա Ակոպովնան այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Aysor.am-ի հետ զրույցում հոբելյարը նշեց՝ ինչպես ամեն մի նոր օրը, տոնական օրն էլ սկսում է գեղեցկության սրահից, այնուհետև՝ շարունակում աշխատավայրում:
«Ծննդյանս երեկոն էլ կնշեմ իմ մյուս աշխատավայրում՝ «Կարապի լիճ» համալիրում՝ ընտանիքիս, կոլեգաներիս ու ընկերներիս հետ: Սիրով կսպասեմ նաև բոլոր նրանց, ովքեր անձամբ կցանկանան ինձ գրկել ու բարեմաղթանքներ ասել: Գիտեք, այսօր յուրաքանչյուր շնորհավորանք ինձ համար կարևոր է: Դրանցից հուզվում եմ, ուրախանում: Օրս արդեն տոն են դարձրել շատերը», - ժպիտով տեղեկացրեց նա:
Հաղորդավարուհին դեռ կեսգիշերից բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել, առաջին շնորհավորողների շարքում են եղել դուստրն ու ծնողները: Մինչ այս պահը ստացված նվերները գումարի ու թանկարժեք զարդերի տեսքով են: Կարևորում է նյութականը, բայց առաջնային է դասում հոգևորը:
«Այս օրը հիշել ու ինձ շնորհավորել են նաև Հայաստանի ու Լոս Անջելեսի գործընկերներս: Արդեն գումար ու ոսկի եմ նվեր ստացել, ինչը թեև ամենակարևորը չէ, բայց հաճելի է: Սակայն ինձ համար առաջնայինն այն է, որ Աստված ինձ առողջ պահի հարազատներիս գրկում: Գիտեք, ես ինձ չեմ կարող դասել երջանիկ կանանց շարքում, բայց փաստ է, որ երջանիկ մայրիկ եմ», - խոստովանեց նա:
Հաղորդավարուհու համար ամենհիշվող և տպավորիչ ծննդյան տարեդարձերը 2013 և 2014 թվականներին են եղել, երբ Լոս Անջելեսում էր բնակվում ու աշխատում: Հարցին՝ քանի որ դուստրն արդեն իր ընտանիքն ունի, չի՞ մտածում անձնական կյանքը դասավորելու մասին, պատասխանեց.
«Այո՛, արդեն մտածում եմ անձնականիս մասին, պարզապես մեր երկրում դա մի քիչ բարդ է. ես մենակ ռոբոտի պես աշխատում եմ, որ ընտանիքիս համար բարեկեցիկ կյանք ապահովեմ: Հիմա ցանկությունս միայն այն է, որ ապրեմ առողջ ու խաղաղ կյանքով, կողքիս լինեն միայն հոգով մաքուր մարդիկ, ու որ ամենակարևորն է՝ իրականացնեմ երկու նպատակներս՝ վայելեմ թոռնիկ ունենալու ու տատիկ դառնալու բերկրանքն, ու ունենամ իմ սեփական անկյունը: Այդքանն ինձ լիովին բավարարում է»: