06/11/2017 17:02
Խստորեն հետևեք, որ հատկապես գլխավոր փողոցներում չորացած ծառերի հատման արդյունքում դատարկ մնացած բնաբաժակներում անպայման նոր ծառեր տնկվեն. քաղաքապետ
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում շարունակվում են ծառերի և թփերի խնամքի, ծառերի չորացած ճյուղերի աշնանային էտի աշխատանքները։
Զեկուցվել է նաև, որ զուգահեռաբար շարունակվում են նոյեմբերի 11-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի կազմակերպման ու անցկացման նախապատրաստական աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ համաքաղաքային առաջիկա ծառատունկի կազմակերպման նպատակով արդեն իսկ ձեռք են բերվել տնկիներ, գույքագրվել են բոլոր այն տարածքները, որտեղ իրականացվելու է ծառատունկը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շեշտել է ծառատունկը բացառապես ոռոգելի տարածքներում իրականացնելու անհրաժեշտության մասին:
«Հատուկ ուշադրություն դարձրեք, որ ծառատունկն իրականացվի բացառապես ոռոգելի տարածքներում, որպեսզի հետագայում ապահովվի նաև տնկված ծառերի պատշաճ խնամքը: Բացի այդ, խստորեն հետևեք, որ հատկապես գլխավոր փողոցներում չորացած ծառերի հատման արդյունքում դատարկ մնացած բնաբաժակներում անպայման նոր ծառեր տնկվեն: Ընդ որում, առաջարկում եմ տնկել ոչ թե բարակ շիվեր, այլ ավելի հասուն տնկիներ: Սրա հետ մեկտեղ նաև քայլեր ձեռնարկեք տնկված ծառերի պահպանման ու պատշաճ խնամքի ապահովման ուղղությամբ: Ինձ համար անընդունելի է, երբ հատկապես գլխավոր փողոցներում ծառը տնկվում է ու որևէ խնամք չի ապահովվում: Մինչդեռ ամբողջ աշխարհում ծառերի հանդեպ ցուցաբերվում է հատուկ վերաբերմունք՝ սկսած տվյալ ծառերի ամրացման նպատակով դրանց շուրջ փայտե հենակներ տեղադրելուց մինչև հետևողական խնամք: Հստակ քայլեր ձեռնարկե՛ք այս մշակույթը մեր քաղաքում ևս ներդնելու ուղղությամբ», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ դիմելով բնապահպանության վարչությանը:
Համաքաղաքային առաջիկա ծառատունկի և շաբաթօրյակի հետ կապված Երևանի քաղաքապետը հանձնարարել է իրազեկել նաև պետական և մասնավոր կառույցներին՝ նրանց ևս ներգրավելով այս աշխատանքներում: Բացի այդ, պատասխանատուներին հանձնարարվել է նախապատրաստել համապատասխան գործիքներ և պարագաներ՝ մասնակիցներին լիարժեք կերպով ապահովելու նպատակով: