07/11/2017 20:44
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հրաժարվել են Վիգեն Սարգսյանի հետ հանդիպումից. Արծրուն Հովհաննիսյան
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հրաժարվել են հանդիպել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Ցավալի է, բայց այսօր «Հանուն գիտության զարգացման» խմբի կողմից մեր հրավերը անտեսվեց: Կրկնակի անհասկանալի է, որ նրանք պահանջում էին ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի հետ հանդիպում, սակայն հանդիպման հրավերից հրաժարվեցին:
Չնայած այն հանգամանքին, որ այլ ԲՈւՀ-երի ուսխորհուրդներից հրավիրվել էին երկու ներկայացուցիչներ, իսկ իրենց խմբից համաձայնեցինք ընդունել չորս ներկայացուցիչի, նրանք միևնույնն է երկար մտածելուց հետո, հրաժարվեցին», - գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության աջակից ուսանողներն այսօր հայտարարել էին դասադուլ՝ բողոքելով «Զինապարտության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծի դեմ, որով չեղարկվում է ակադեմիական տարկետում ստանալու հնարավորությունը։