07/11/2017 21:01
Իրենց համար կարևոր է գործընթացը, ոչ թե խնդրին լուծում տալը. Վիգեն Սարգսյանն ափսոսանք հայտնեց՝ ուսանողները չեն ներկայացել իր հետ հանդիպմանը
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ուսանողների հետ և ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագիծը: «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի փոխանցմամբ՝ թեև նախարարը հանդիպմանը հրավիրել էր նաև ընդդեմ օրինագծի դասադուլ իրականացնող ուսանողներին, սակայն վերջիններս չէին ներկայացել քննարկմանը:
Վիգեն Սարգսյանը ափսոսանք է հայտնել բողոքի ակցիա անցկացնող ուսանողների՝ հանդիպմանը չներկայանալու կապակցությամբ և նշել, որ նրանց բացակայությունը նշանակում է, որ իրենց համար առավել կարևոր է բուն գործընթացը, այլ ոչ թե խնդրին լուծում տալը:
Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ տարկետում լինելու է, ուղղակի փոփոխված և լրամշակված տարբերակով:
Նախարարը ուսանողներին է ներկայացրել օրենքի նախագծի մանրամասները և նշել, որ պատրաստ է շարունակել քննարկումները նաև օրենքի նախագծի ընդունումից հետո:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե քաղաքացին պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կկնքի, պարտավորվելով ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնել, իսկ ավարտելուց հետո ՊՆ կողմից նշված վայրում ու պայմաններով զինվորական ծառայություն անցնել:
Օրենքով նախատեսվում է, որ զինվորական ծառայությունից տարկետում ստացած ուսանողները 2-ի փոխարեն պետք է ծառայեն 3 տարի: