07/11/2017 12:12
Տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողները դասադուլ են անում. միացել է 300-400 ուսանող
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողներն այսօր առավոտից դասադուլ են անցկացնում:
«Այս պահին մեր դասադուլին միացել է 300-400 ուսանող», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, ուսանող Վահան Կոստանյանը:
Ուսանողի խոսքով` այս պահին դասադուլն ու բողոքի ակցիան շարունակվում են ԵՊՀ «Սև շենք»-ի մոտ և շատերը դրան չեն կարողանում միանալ, քանի որ համալսարաններում ուսանողների ելքն արգելելու համար փակում են դռները:
«Մենք կապվել ենք Կրթության և գիտության նախարարության հետ ու պահանջել, որ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը գա մեզ հետ հանդիպման, եթե նախարարը չգա այսօր մինչև ժամը 13:00-ը, կմտածենք հետագա քայլերի մասին», - ասաց Վահան Կոստանյանն` ընդգծելով, որ իրենց նախաձեռնությանն ու դասադուլին միացել են նաև մի շարք դասախոսներ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից: