07/11/2017 21:19
Վիգեն Սարգսյան. Իրական քայլ է կատարվում՝ պետական և մասնավոր ԲՈՒՀ-երի միջև հավասարության նշան դնելու տեսակետից
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է ԲՈւՀ-երի ուսանողների հետ և ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագիծը:
«Հ2 հեռուստաընկերության» փոխանցմամբ՝ նախարարն ընդգծել է, որ պետությունն առաջին անգամ իրական քայլ է կատարում՝ պետական և մասնավոր ԲՈՒՀ-երի միջև հավասարության նշան դնելու տեսակետից: Ըստ Վիգեն Սարգսյանի, այս նախագիծը հավասար հնարավորություն է տալիս յուրաքանչյուր քաղաքացու՝ ընտրելու իր ծառայության տեսակը զինված ուժերում։
«Քաղաքացիները կարող են ընտրել սպայական մասնագիտություն, ընդ որում՝ չկապելով իրենց ամբողջ կյանքը դրա հետ, այլ ծառայելով երեք տարի՝ որպես սպա, ունենալով բարձրագույն կրթություն՝ իրացնել իրենց մասնագիտական կարողությունները», - ասել է Վիգեն Սարգսյանը:
Նախարարը նշել է, որ եթե քաղաքացին ունի բացառիկ գիտական կարողություններ և աչքի է ընկնում իր գիտական ներուժով, ապա կարող է ծառայությունը կազմակերպել ռազմարդյունաբերական պետական համալիրում:
Պաշտպանության նախարարը նկատել է, որ բոլոր նրանք, ովքեր ի սկզբանե փորձում էին շահարկել, թե ժամկետային ծառայությունը դառնում է երեք տարի, տարկետումը վերացվում է, նենգափոխում են այն, ինչ գրված է նախագծում:
Նշենք, որ Պաշտպանության նախարարությունում կայացած քննարկմանը հրավիրված են եղել օրենքի նախագծի դեմ բողոքող ուսանողները, սակայն վերջիններս չեն ներկայացել հանդիպմանը: