07/11/2017 16:51
Պետք է արժանի թեկնածու լինի. Ո՞վ կփոխարինի Ալեքսանդր Գրիգորյանին Ստանիսլավսկու անվան թատրոնում
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը մի քանի օրվա ընդմիջումից հետո այսօր կրկին անցել է իր բնականոն աշխատանքին, սակայն՝ առանց գեղարվեստական ղեկավարի: Կես դարից ավելի ղեկավարվելով Ալեքսանդր Գրիգորյանի կողմից` Հայաստանի միակ ռուսական թատրոնն այսօր լուրջ խնդրի առջև է կանգնել՝ ո՞վ կարող է փոխարինել նախկին գեղարվեստական ղեկավարին:
«Ներկա պահին մեր թատրոնը պրեմիերայի շեմին է, նաև պատրաստվում ենք «Հայաստանի օրերը Ռուսաստանում» ծրագրի շրջանակներում հյուրախաղերի մեկնել: Այժմ միայն այդ ծրագրերն ապահովող աշխատանքների վրա ենք կենտրոնացել, որից հետո նոր կմտածենք նշանակման մասին», - Aysor.am-ի հետ զրույցում նկատեց թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը:
Ի դեպ, կարևոր այս որոշման պատասխանատվությունն իր ուսերին է կրելու թատերական կոլեկտիվն ու թատրոնի ղեկավար կազմը, քանի որ, ըստ կանոնակարգի, թատրոնների գեղարվեստական ղեկավարների և գլխավոր ռեժիսորների նշանակումը մշակույթի նախարարության խնդիրը չէ։ Նախարարությունը մրցույթով նշանակում և ազատում է միայն թատրոնների տնօրեններին։
Ֆրեդ Դավթյանը դեռևս խուսափեց անուններ ու ժամկետներ նշել՝ խոստովանելով՝ որոշումը միակողմանի չպետք է լինի, սա ռուսական թատրոն է ու պետք է հասկանալ առանձնահատկությունները:
«Խորհրդի ու նախարարի մասնակցությամբ պետք է քննարկենք, որոշում կայացնենք: Պետք է արժանի թեկնածու լինի: Իմ կարծիքով, այսօրվա օրով մեր հանրապետությունում Ալեքսանդր Սամսոնիչին համարժեք փոխարինող հազիվ թե գտնվի: Այս հարցը համատեղ խորը քննարկման անհրաժեշտություն ունի», - եզրափակեց տնօրենը: