08/11/2017 13:42
Լևոն Մկրտչյանն ընդունել է տարկետման իրավունքի համար պայքարող ուսանողներին
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը համաձայնել է ընդունել «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության` տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողներից 10 ներկայացուցչի:
Հանդիպումից առաջ ուսանողները պահանջել են, որ դրան ներկա լինեն նաև ԶԼՄ ներկայացուցիչները:
Ուսանողները Կրթության և գիտության նախարարի հետ հանդիպմանը նախ և առաջ բարձրացրեցին իրենց բողոքի ակցիաները խոչընդոտելու հարցը:
«Պարոն նախարար, ինչու՞ են համալսարանում փակվում դռները ու թույլ չի տրվում ուսանողներին միանալ մեզ», - հարց բարձրացրեցին ուսանողները:
«Ես երեկ հետևել եմ ակցիային, Գյուղակադեմիայի դիմաց դռները բաց էին: Ճարտարագիտական համալսարանում ևս: Դասապրոցես է ընթանում, դուք գտնում եք, որ դասընթացը պե՞տք է ընդհատվի», - ասաց Լևոն Մկրտչյանը:
Նախարարը նշեց` ուսանողության 90 տոկոսը գնում է բանակ և դա Հայաստանի անվտանգության բաղկացուցիչն է:
«Իսկ «Պատիվ ունեմ» ծրագրով առաջարկվում է վերականգնել պահեստազորի սպայի հասկացությունը: Հայրենիքի հանդեպ պարտավորությունը բոլորի համար է», - ասաց Լևոն Մկրտչյանը:
Միևնույն ժամանակ ուսանողներն ընդգծեցին` իրենք ի սկզբանե ցանկացել են գնալ խաղաղ ճանապարհով, սակայն 3 շաբաթվա ընթացքում իրենց ձայնը լսելի չեղավ ու բաց նամակները մնացին անպատասխան:
«Մեր ձայնը չլսեցին ու միակ ճանապարհը դասադուլն էր», - նշեցին ուսանողները: