08/11/2017 12:47
Միջազգային չափանիշներով կարևորագույն նախագիծ. Սերգեյ Սմբատյանը՝ «Խաչատրյանը և ջազը» նախագծի մասին
Արդեն երրորդ անգամ Հայաստանի պետական երիտասարդական և Հայաստանի պետական ջազ նվագախմբերը համատեղ ներկայացնում են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները, որ կատարել են Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Մարտին Ուլիխանյանն ու Անդրանիկ Բերբերյանը։ Նոյեմբերի 7-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնում հնչել է «Խաչատրյանը և ջազը» նախագիծը։ Որպես մենակատարներ հանդես են եկել Վահագն Հայրապետյանը (դաշնամուր) և Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն)։ Համերգը ղեկավարել են դիրիժորներ Սերգեյ Սմբատյանն ու Արմեն Հյուսնունցը։
Գաղափարի հեղինակ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատում է, որ երբ տարիներ առաջ նոր-նոր սկսում էին նախագիծը, մտավախություն ունեին, թե ինչպես կընկալվի Խաչատրյանի և ջազի միաձուլումը։ Սակայն մեր լավագույն ջազ երաժիշտների հետ համագործակցությամբ գաղափարը կայացավ ու սիրվեց ունկնդրի կողմից։ «Վստահորեն ասում եմ, որ սա միջազգային չափանիշներով կարևորագույն նախագիծ է։ Խաչատրյանի երաժշտությունը շատ հանրահայտ ջազ երաժիշտների է ոգևորել, և մենք մեզ իրավունք վերապահեցինք նրա երաժշտությունը մատուցել ջազային ձևաչափով՝ միաժամանակ պահելով ակադեմիական ֆորմայի սկզբունքը», - ասաց Սերգեյ Սմբատյանը։
Դիրիժոր Արմեն Հյուսնունցը նշում է, որ Խաչատրյանի երաժշտությունը ստեղծված է ազգային հիմքերի վրա, և այնտեղ, որտեղ կա ազգային հստակ հիմք, ջազային մտածելակերպն անելիք ունի։ Այնպես որ` գաղափարն ու ջազային մոտեցումն արդարացված են։
Դաշնակահար Վահագն Հայրապետյանը վստահ է, որ նախագիծն անպայման իր շարունակությունը պետք է ունենա, պետք է ներգրավվեն նոր ստեղծագործությունների ջազային մշակումներ, նաև այլ կազմերի, օրինակ ժողգործիքների ընդգրկմամբ, քանի որ դրանք են մեր երաժշտության համն ու հոտը։ Վահագն Հայրապետյանը նշում է նաև, որ Խաչատրյանը մեծ ներդրում է ունեցել հայկական, ոչ միայն, ջազի կայացման գործում, ու նախիծը ինչ-որ տեղ նաև ջազ երաժիշտների երախտիքի խոսքն է հայ մեծ կոմպոզիտորին։ Նա նաև համոզված է, որ այս նախագիծը Խաչատրյանը հաստատ կողջուներ։
Երաժիշտներն ընդգծել են, որ այս պրոյեկտը պետք է ներկայացվի նաև արտասահմանում, և Հայաստանից դուրս նույնպես ունկնդիրները պետք է կարողանան հաղորդակցվել Խաչատրյանի գործերի ջազային մշակումների հետ։ Նրանք վստահ են, որ «Խաչատրյանը և ջազը» կունենա միջազգային ճանաչում։ «Ես կուզենամ, որ այս նախագիծը աշխարհով մեկ շրջի, որովհետև Արամ Խաչատրյանը միայն Հայաստանինը չէ, աշխարհինն է։ Սա շատ հզոր, շատ արդիական, նորարար պրոյեկտ է», - ասաց Վահագն Հայրապետյանը։
Երեկոյի ընթացքում հնչել են հատվածներ «Գայանե», «Սպարտակ» բալետներից, Խորհրդային Հայաստանի հիմնը, «Ձոն ցնծության» և այլ ստեղծագործություններ՝ ջազային գործիքավորմամբ։