08/11/2017 17:17
Երևանի սիմվոլները և ապրելակերպը ևս մեկ անգամ էկրան բարձրացան. «Ադապտացիա» ֆիլմը հաղթող է ճանաչվել միանգամից երկու անվանակարգում:
Ռեժիսոր Մանե Բաղդասարյանի «Ադապտացիա» վավերագրական ֆիլմի՝ Չինաստանում կայացած «Ասիայի Երիտասարդական կարճամետրաժ Ֆիլմեր»-ի կինոփառատոնում «Լավագույն մոնտաժ» անվանակարգում հաղթող ճանաչվելու մասին Aysor.am-ը շաբաթներ առաջ էր տեղեկացրել: Երեկ էլ ֆիլմը Մոսկվայի «Լուչանգելլա» կինոփառատոնում արժանացավ միանգամից երկու մրցանակի՝ «Լավագույն վավերագրական Ֆիլմ» և «Լավագույն դեբյուտային վավերագրական Ֆիլմ» անվանակարգերում: Երիտասարդ ռեժիսորը ուրախությամբ և հպարտությամբ նկատում է՝ Երևանի սիմվոլները և ապրելակերպը ևս մեկ անգամ էկրան բարձրացան, այս անգամ Ռուսաստանի լավագույն կինոփառատոններից մեկում:
«Սա բերագործական փառատոն է, և այստեղից ստացված ամբողջ շահույթը բարեգործությանն է տրվում: Փառատոնի թեման բարությունն է, Աստված, մարդկային քայլերը, ինչն ակնարկվում է նաև իմ ֆիլմում: «Ադապտացիա»-ն միակն էր, որ երկու անվանակարգում հաղթեց: Սա ինձ մոտ առավել մեծ պատասխանատվություն է առաջացնում: Իհարկե, հաղթանակ ակնկալում էի, բայց որ միանգամից երկու անվանակարգում՝ չէի պատկերացնում», - Aysor.am-ի հետ զրույցում խոստովանեց Մանե Բաղդասարյանը:
Ժյուրիի կազմում էին ոչ միայն օսկարակիր ռեժիսոր Վլադիմիր Մենշովն ու ԽՍՀՄ ժողովրդական այլ արտիստներ, այլև՝ հոգևորականներ: Փառատոնի աջակիցներից է նաև ՌԴ պատրիարքը, ով ամբողջ ընթացքում կինոդահլիճում է գտնվել:
«Ինձ համար մեծ հպարտություն է, որ իմ ֆիլմը հենց այս մարդկանց կողմից է գնահատվել ու պարգևներ ստացել: Պատրիարքի՝ «Բարի կինոյի» մասին ուղերձը այս փառատոնի կարգախոսն է դարձել», - նշեց նա:
«Ադապտացիան» դեռևս շարունակում է իր փառատոնային ընթացքը: Նոյեմբերի 13-ին այն կներկայացվի Մոսկվայի «ՎԳԻԿ» 37-րդ միջազգային կինոփառատոնին: Նոյեմբերի 14-ին էլ Երևանում տեղի է ունենալու «Կին» միջազգային կինոփառատոնի բացումը, որտեղ ցուցադրվող ֆիլմերի շարքում է լինելու նաև Մանե Բաղդասարյանի ֆիլմը: