08/11/2017 15:24
Սերգեյ Դանիելյանը ծննդյան 53-ամյակի կապակցությամբ ԴԱՀԿ-ից «նվեր» է ստացել
Դերասան Սերգեյ Դանիելյանն այսօր դարձավ 53 տարեկան, սակայն զբաղվածության պատճառով տոնական թոհուբոհը հոբելյարը տեղափոխել է առաջիկա շաբաթ օր՝ նոյեմբերի 11-ին:
«Քանի որ քաղաքի իմ տունը փոքր է, ծնունդս կնշեմ գյուղում, որտեղ մեծ տուն, տնտեսություն ունեմ: Հյուրերս լինելու են իմ ու կնոջս ընկերները. միշտ նույն աննորմալ կոմպանիան է հավաքվում, հետաքրքիր ժամանակ ենք անցկացնում: Վերջում էլ սիրում եմ անպայման «սալյուտ» անել: Ու ասեմ, որ իմ խփած «սալյուտներից» ոչ-ոք չի բողոքում, ես սրանց պես ոչ թե 24:00-ից հետո եմ անում, այլ՝ մինչև 23:00-ն: Գյուղում ինձ շատ սիրում են, մեկ-մեկ իրենք էլ են միանում», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց նա:
Դերասանի ծննդյան օրն՝ առավոտյան 06:30-ին, առաջինը շնորհավորել է Սուրեն Շահվերդյանը, այնուհետև՝ մայրն ու հարազատները: Կատակում է, չգիտես ինչու, բոլորն ուրախացել են, որ ծնվել է:
53-ամյա դերասանին տարիքը չի վախեցնում: Նկատում է՝ ամեն ինչ օրգանական ու նորմալ է, կյանքն ընթանում է իր բնականոն հունով:
«Սա ուղղակի ևս մեկ քայլ է դեպի գերեզման, որն ամեն օր էլ անում ենք: Այս օրն ուղղակի ևս մեկ անգամ ուրախանալու, ընկերներիդ տեսնելու ու մի բաժակ բան խմելու առիթ է», - ընդգծեց մեր զրուցակիցը:
Ծննդյան օրերից առանձնացնում է տարիներ առաջ նկարահանման ժամանակ Շրի Լանկայում անցկացրած տարեդարձը:
Բոլոր հետաքրքրվողներին՝ ի՞նչ նվիրել իրեն այս տարի, Սերգեյ Դանիելյանը տեղեկացրել է՝ «գումար հավաքեք ու ինձ համար պերֆերատոր առեք».
«Ես գործիքների սիրահար եմ, տարբեր գործիքներ ունեմ, բայց պերֆերատոր չունեմ»:
Անդրադառնալով այս տարիների ձեռքբերումներին ու կորուստներին՝ հոբելյարը նկատեց, որ միայն ձեռքբերումներ է ունեցել, կորուստներ, բարեբախտաբար, չի ունեցել:
«Փառք Աստծո՝ բավականին հարուստ մարդ եմ՝ շրջապատով, ընկերներով, երեխաներով: Ինձ կարող եմ համարել երջանիկ մարդ: Իհարկե, զարմանում եմ, թե ինչու է այդպես, ունեցածս շատ բաների արժանի չեմ: Չեմ թաքցնի, մի փոքր մեղքի զգացում ունեմ, քանի որ ինձանից շատ ու շատ արժանավոր մարդիկ կան, ովքեր կարող էին ավելի լավ ապրել», - խոստովանեց Սերգեյ Դանիելյանը:
Հարցին՝ ի՞նչ կմաղթի ինքն իրեն, դերասանն, առանց մեկ վայրկյան իսկ մտածելու, պատասխանեց.
«Փառք Աստծո՝ ինձ մոտ ամեն ինչ լավ է, միայն ուզում եմ, որ ԴԱՀԿ-ն մի օր պայթի… Առավոտյան իրենցից «նվեր-շնորհավորանք» եմ ստացել՝ 7500 դրամ սառեցրել են: Իրենց շեֆին, ամբողջ անձնակազմին մաղթում եմ երկար տարիների տեղաշորային կյանք»: