09/11/2017 18:53
Դերասան Արմեն Մարությանին սրտի բաց վիրահատություն են արել
ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն ՄԱրությանին օրերս վիրահատել են: Պատճառը սրտի անվաբարար աշխատանքն է եղել, որն ի հայտ է եկել բոլորովին վերջերս պրոֆիլակտիկ ստուգման ժամանակ:
«Մի օր ասաց, որ թեև ինքնազգացողությունը լավ է, բայց զգում է՝ շնչառությունը մի փոքր չի բավականացնում: Որոշեց հետազոտվել, ու պարզվեց վիրահատական միջամտության անհրաժեշտություն կա: Սրտի անոթները փոխեցին, բաց վիրահատությունն են արել», -Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց դերասանի կինը՝ նույն թատրոնի դերասանուհի Ալլա Վարդանյանը:
Վիրահատությունը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին, դերասանն արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ, կնոջ խոսքով՝ իրեն լավ է զգում: Ալլա Վարդանյանի նախնական տեղեկություններով՝ դուրս կգրվի 2-3 օրից:
«Դեռևս հստակ օր նշել չեմ կարող, նաև չեմ կարող ասել, թե երբ կվերադառնա բեմ: Հավանաբար, 1-2 ամիս կկազդուրվի, առջևում էլ ամանորյա տոներն են, այդ ժամանակ էլ կհանգստանա ու նոր ուժերով բեմ կվերադառնա», - եզրափակեց խոսքը մեր զրուցակիցը: