09/11/2017 15:00
Ուսանողները հրաժարվում են հանդիպել վարչապետի հետ՝ առանց տեսանկարահանման. Ուզում ենք, որ հանրությունը տեսնի քննարկումը
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները, տարկետման պահանջով դասադուլ հայտարարած ուսանողները հրաժարվեցին առանց լրատվամիջոցների ներկայության հանդիպել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, այս մասին նրանք հայտարարեցին վարչապետի խորհրդական Արամ Վարդևանյանի հետ զրույցում:
«Այդ ձևաչափով մենք չենք կարող հանդիպել», - վարչապետի խորհրդականին ասաց նախաձեռնության անդամ, ուսանող Դավիթ Պետրոսյանը:
Վերջինս ընդգծեց, որ նման հանդիպման առաջարկ իրենք ստացել էին նաև Պաշտպանության նախարարությունից, սակայն հանդիպման մերժման պատճառներից մեկն էլ հենց լրատվամիջոցների, ուղիղ եթերի բացակայությունն էր:
«Այս սկզբունքը տարածվում է բոլորի վրա», - ասաց ուսանողը` նշելով, որ իրենք պատրաստ կլինեն հանդիպել վարչապետի հետ, եթե թույլատրվի գոնե մեկ` ուղիղ եթերով լրատվամիջոցի ներկայություն:
«Այսպիսով մենք ցանկանում ենք, որ վարչապետի խոսքը, կարծիքը լինի լսելի: Մենք ցանկանում ենք, որ այս քննարկումը տեսնի հանրությունը և հանրությունը, կողմերին լսելով, ինքնուրույն որոշում կայացնի», - ասաց Դավիթ Պետրոսյանը:
Վարչապետի խորհրդական Արամ Վարդևանյանն ու արարողակարգային ծառայության ղեկավարն էլ իրենց հերթին նշեցին, որ ոչ միայն հայաստանյան, այլև` միջազգային պրակտիկայում չկա նման նախադեպ, որ երկրի վարչապետի հետ աշխատանքային հանդիպումն անցնի ուղիղ եթերով:
«Միակ տարբերակը, որ կարող ենք առաջարկել` Կառավարության մամուլի ծառայության տեսանկարահանումը, որից հետո տեսանյութը կտրամադրվի ձեզ», - ասաց վարչապետի արարողակարգային ծառայության ղեկավարը:
Այս պահին ուսանողների և կառավարության ներկայացուցիչների միջև բանակցությունները շարունակվում են: