09/11/2017 14:39
Վարչապետը պատրաստ է հանդիպել տարկետում պահանջող ուսանողների հետ, բայց առանց լրատվամիջոցների
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստ է հանդիպել «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության 5 ներկայացուցչի հետ, այս մասին Կառավարության դիմաց հավաքված ուսանողներին հայտնեց վարչապետի խորհրդական Արամ Վարդևանյանը:
Միաժամանակ նա ընդգծեց` հանդիպումը պետք է անցնի առանց լրատվամիջոցների ներկայության.
«Դուք նշել եք, որ մտահոգություններ ունեք ու դրանք ցանկանում եք ներկայացնել, իսկ դա ենթադրում է որոշակի ձևաչափ` աշխատանքային հանդիպման, որը ենթակա չէ լուսաբանման», - ասաց Արամ Վարդևանյանը:
Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ հանդիպումից հետո մասնակից ուսանողները հնարավորություն կունենան լրատմավիջոցներին ներկայացնել դրա ընթացքում եղած քննարկումների մասին:
Ուսանողներին տրվեց 15 րոպե ժամանակ` որոշելու` այս պայմանով կհանդիպե՞ն վարչապետի հետ, թե՞ ոչ: