09/11/2017 15:15
Տարկետում պահանջող ուսանողները որոշեցին հանդիպել վարչապետ Կարեն Կարապետյանին
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ հինգ ուսանողներ կհանդիպեն վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Այս որոշմանն ուսանողներն ու Կառավարության աշխատակիցները եկան բանակցությունների արդյունքում:
Ավելի վաղ ուսանողները հրաժարվել էին վարչապետի հետ հանդիպել առանց ուղիղ եթերի կամ լրատվամիջոցների կողմից տեսանկարահանման, որից հետո վարչապետի արարողակարգային ծառայության ղեկավարն առաջարկել էր այլընտրանքային տարբերակ` ուսանողներին տրամադրել հանդիպման` Կառավարության լրատվական ծառայության կողմից տեսանկարահանված տարբերակը:
Ուսանողները խնդրել էին ճշտել` ի՞նչ տեսքով ու ի՞նչ ժամկետներում իրենց կտրամադրվի տեսանյութը:
Ինչին ի պատասխան՝ վարչապետի խորհրդական Արամ Վարդևանյանը նշեց.
«Եթե հանդիպումը տևի կես ժամ, ապա մեկ ժամվա ընթացքում չմոնտաժված տեսանյութը կտեղադրվի ftp.gov.am կայքում ու հասանելի կլինի բացառապես բոլորին, եթե հանդիպումը տևի մեկ ժամ, ապա տեսանյութը կտեղադրվի երկու ժամվա ընթացքում»:
Ուսանողները համաձայնեցին այս պայմանին և որոշեցին հանդիպել ՀՀ վարչապետին: