09/11/2017 17:35
Ուսանողները համաձայնության չեկան վարչապետի հետ. Վաղը դասադուլը կշարունակվի
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ ուսանողները քիչ առաջ դուրս եկան վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից:
Ուսանողներից Դավիթ Պետրոսյանը նախ և առաջ նշեց, որ տեղի ունեցած հանդիպումը չէր համապատասխանում այն ձևաչափին, որը համաձայնեցվել էր նախապես:
«Մենք հանդիպում էինք ցանկանում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, սակայն հանդիպմանը ներկա էին նաև Լևոն Մկրտչյանն ու Վիգեն Սարգսյանը: Կցանկանամ դա շեշտել», - ասաց Դավիթ Պետրոսյանը:
Նա նշեց, որ հանդիպման մանրամասները կներկայացվեն խոստացված տեսանյութով:
«Այնուամենայնիվ, հիմնարար հարցերով համաձայնություն չեղավ: Կարեն Կարապետյանը մեզ խորհուրդ տվեց ներկայացնել առաջարկներ, որոնք կքննարկվեն օրենքի ընդունումից հետո», - ասաց ուսանողն` ընդգծելով, որ իրենց առաջարկները պետք է քննարկվեն մինչև օրենքի ընդունումը:
Արդյունքում ուսանողները նշեցին, որ իրենց դասադուլը շարունակվելու է.
«Վաղն առավոտյան 9:30` ԵՊՀ բակում. շարունակում ենք դասադուլը», - հայտարարեցին ուսանողները: