10/11/2017 22:06
«Առաջարկում ենք՝ ինչքան հնարավոր է շուտ օրենքը ուժի մեջ մտնի». Ուսանողների դժգոհությունն առաջացրած օրինագիծը հաստատվեց
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը իր գիշերային արտահերթ նիստում չորս կողմ ձայներով դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծին։ Փաստաթուղթը, հիշեցնենք, մեծ դժգոհություն էր առաջացրել ուսանողության շրջանում և դրա համար արդեն չորս օր շարունակ բողոքի ակցիաներ էին անցկացվում։
Նախագիծը ներկայացնելիս Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ «բավականին գործուն մայր օրենք է ստացվել» և հաշվի են առնվել գաղափարին համահունչ առաջարկությունները։ «Կարծում եմ նախագիծը էլ ավելի գործնական տեսք է ստացել և պատրաստ է ուժի մեջ մտնելուն։ Մենք առաջարկում ենք՝ ինչքան հնարավոր է շուտ օրենքը ուժի մեջ մտնի», - ասաց փոխնախարարը։
Նրա խոսքով, այս օրինագծի շրջանակներում մշակման փուլում են գտնվում բազմաթիվ իրավական ակտեր, որոնք կառավարության որոշմամբ կընդունվեն։
«Հիմքում դրված է էֆեկտիվ կառավարման սկզբունքը։ Համոզված ենք, որ կարողանալու ենք արագ տեսանելի արդյունքներ գրանցել դրա արագ գործարկման պարագայում», - հայտարարեց Զաքարյանը։
Նկատենք, որ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկա էին կոալիցիոն կուսակցությունների պատգամավորները՝ ՀՅԴ-ից Ռոմիկ Մանուկյանը, իսկ ՀՀԿ-ից՝ Միհրան Պողոսյանը, Ալիկ Սարգսյանը և Ֆելիքս Ցոլակյանը։
«Ելք» խմբակցության պատգամավորներից նիստին ներկա չէին։ Օրինագիծը ԱԺ լիագումար նիստում կքննարկվի երկրորդ ընթերցման ռեժիմով։