10/11/2017 13:54
Արցախի հակամարտության խնդիրը եղել և շարունակում է մնալ ՀՀ քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը. Աշոտյան
Չի կարելի մտածել, որ աշխարհը մեր խնդրի մասին գիտի ամբողջությամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
«Աշխարհն ունի իր սեփական բազմաթիվ գլխացավերը, աշխարհում փոխվում են հարց լուծողների սերունդները, աշխարհը դարձել է նաև ավելի ցինիկ: Հետևաբար խորհրդարանական դիվանագիտությունն այս առումով պետք է ավելի նախաձեռնողական լինի», - նկատեց նա:
Արմեն Աշոտյանը նշեց, որ Արցախի հակամարտության խնդիրը եղել և շարունակում է մնալ ՀՀ քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը:
«Արցախի ճանաչման հարցը մեր ամենագլխավոր նպատակն է, իսկ դրան հասնելու ամենալավ ճանապարհը կլիներ այն, որ բոլոր երկրները ճանաչեին Արցախը: Ստեղծված բանակցային ձևաչափն այդ գործընթացը դեռ չի հասունացրել: Ի՞նչ անել այս պահին. միջազգայնացնել Արցախն ըստ ճյուղերի, ինստիտուտների, Արցախը ներառել տարաբնույթ միջազգային պետական-կառավարական կազմակերպությունների և ծրագրերի մեջ: Միջազգայնացնելով Արցախը՝ մենք հեշտացնում ենք նրա հետագա ճանաչումը», - ընդգծեց նա: