10/11/2017 16:45
2018 թվականի պետական բյուջեի կազմման առաջին փուլը կարելի է համարել ավարտված. Բակո Սահակյան
Նոյեմբերի 10-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նվիրված կառավարության նիստ:
Համապատասխան զեկույցներով եւ ելույթներով հանդես են եկել պետական մի շարք կառույցների ղեկավարներ:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ տեղի է ունեցել պետական բյուջեի նախագծի շահագրգիռ եւ բազմակողմանի քննարկում՝ նշելով, որ բյուջեի նախագիծը կարող է հավանության արժանանալ:
«Մեր երկրի գալիք տարվա գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը արտացոլում է պետական քաղաքականության հիմնական ուղղությունները եւ իր էությամբ իրատեսական է», - ընդգծել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ այս ամենին հասնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է լինելու բոլոր նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացում, բյուջետային միջոցների նպատակային օգտագործում, միջոցների օգտագործման վերահսկողության բարձր մակարդակի ապահովում, իրատեսական ծրագրերի մշակում եւ իրականացում:
«2018 թվականի պետական բյուջեի կազմման առաջին փուլը կարելի է համարել ավարտված: Դրանից հետո նախագիծը օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով, որտեղ կլինեն ակտիվ ու գործնական քննարկումներ»,- իր ելույթում նշել է նախագահ Սահակյանը:
Նիստում նաեւ հավանության է արժանացել ««ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Գործադիր մարմինը հավանություն է տվել հարկային օրենսդրության փոփոխությունների նախագծի փաթեթին:
Կառավարության անդամները հավանություն են տվել Արցախի Հանրապետության առողջապահության պետական նպատակային ծրագրերին, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման, հաշմանդամների սոցիալական պաշտպանության, զբաղվածության կարգավորման, փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2018 թվականի տարեկան ծրագրերին եւ հաստատել ծրագրերով նախատեսված միջոցառումների ցանկերը:
Գործադիր մարմնի հավանությանն արժանացած օրինագծերն ու պետական ծրագրերը սահմանված կարգով Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում կներկայացվեն Ազգային ժողով: