10/11/2017 10:43
Ուսանողները դասադուլը շարունակում են. Երթով գնալու են Ազգային ժողով
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողներն այսօր արդեն 4-րդ օրն է, ինչ դասադուլ են հայտարարել։
Ուսանողներն այսօր երթով շարժվելու են դեպի Ազգային ժողով։
«Իրազեկե՛ք ձեր կուրսեցիներին և դասախոսներին՝ յուրաքանչյուրդ ձեր բուհում դասադուլ կազմակերպելու։ Հավաքվում ենք ԵՊՀ բակում և բարձրաձայնում մեր պահանջը՝ #տարկետոմլինելուԱ», - գրված է «Հանուն գիտության զարգացման» Facebook-յան էջում։
Հիշեցնենք, որ երեկ ուսանողներին ընդունել էր վարչապետ Կարեն Կարապետյանը. հանդիպմանը մասնակցել էին նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
Հանդիպումից հետո ուսանողների ներկայացուցիչները հայտարարել էին, որ հակառակ կողմն իրենց տեսակետը չէր կիսում, հետևաբար, շարունակելու են պայքարը:
«Այնուամենայնիվ, հիմնարար հարցերով համաձայնություն չեղավ: Կարեն Կարապետյանը մեզ խորհուրդ տվեց ներկայացնել առաջարկներ, որոնք կքննարկվեն օրենքի ընդունումից հետո», - հանդիպումից հետո ասել էր ուսանողներից Դավիթ Պետրոսյանը։