10/11/2017 12:57
Արցախի անկախությանն այլընտրանք չկա, դուխով, հավեսով, միասին. Էդուարդ Շարմազանով
Եթե ոմանք կարծում են, որ Արցախի անկախությունն օրինական չէ, ուրեմն օրինական չեն նաև ոչ Լատվիայի, ոչ Լիտվայի, ոչ էլ Էստոնիայի անկախությունները, Հայաստանի և Արցախի ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Ինչո՞ւ եմ այս երեք երկրների օրինակը բերում, որովհետև նրանք ԵՄ անդամներ են: Նրանք ԽՍՀՄ-ից անօրինական են անջատվել: Հայկական կողմը պետք է կարողանա բոլոր հարթակներում հասկացնել, որ Արցախի Հանրապետությունը ԽՍՀՄ-ից անջատվել է նույն այն օրենսդրական նորմերով, ինչ 15 միութենական հանրապետություն», - ասաց նա:
Իր խոսքում Շարմազանովն անդրադարձավ նաև Արցախում անցկացված Սահմանադրական բարեփոխումներին՝ նշելով, որ այլընտրանքային ընտրությունների առկայությունը, ՏԻՄ-երի կայացածությունը և ակտիվ քաղաքացիական հասարակության առկայությունը շատ կարևոր ցուցանիշներ են, որոնք փաստում են՝ Արցախը համարվում է տարածաշրջանային ժողովրդավարության օազիսներից մեկը:
«Արցախի և Ադրբեջանի քաղաքական, արժեքային իրավիճակները լրիվ անհամեմատելի են: Եթե Ադրբեջանում գնում են դեպի խորը տոտալիտարիզմ, ապա Արցախում գնում են դեպի ժողովրդավարություն: Մենք պետք է աշխատանք տանենք, որպեսզի հնարավորինս շատ արտասահմանցի գործընկերներ այցելեն Արցախ», - նշեց նա:
Շարմազանովը նաև նշեց, որ ԱԺ բոլոր ուժերը՝ անկախ կուսկացական պատկանելիությունից, Արցախի հարցում ունեն մեկ միասնական դիրքորոշում. «Արցախի անկախությանն այլընտրանք չկա, դուխով, հավեսով, միասին»: