10/11/2017 14:40
Միաձուլել ենք ազգային տարրեր, եզդիական խորհրդանիշներ. Եզդի երգիչը նոր տեսահոլովակ է ներկայացրել
Ազգությամբ եզդի երգիչ Համիկ Թամոյանը այսօր երաժշտասեր լսարանին ներկայացել էր իր նոր «Խենթ աղջիկ» տեսահոլովակը: Տեսահոլովակի ռեժիսորը Խդր Հաջոյանն է։
«Այս տեսահոլովակում միաձուլել ենք ազգային տարրեր, եզդիական խորհրդանիշներ, այն ներկայացրել ենք ժամանակակից ձևով», - ասում է տեսահոլովակի ռեժիսոր Խդր Հաջոյանը։
Հաջոյանի ու Թամոյանի համագործակցոսւթյունը տարիների պատմություն ունի։ Տարիներ առաջ ստեղծվել է եզդիական պարային խումբ, որտեղ Համիկ Թամոյանը նվագում է ու երգում էր։
«2016 թ. մի երգ ձայնագրեցինք՝ նվիված ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանին, այն ձայնագրվեց Արձագանք ստուդիայում ու մեզ շատ աջակցեցին ստուդիայի տնօրեն Եղիշե Պետրոսյանն ու մի շարք այլ հայ երաժիշտներ: Որոշ ժամանակ անց նոր երգ կրկին ծնվեց, այս անգամ էլ Համիկ Թամոյանը զուգերգ կատարեց երգիչ Աղասի Իսպիրյանի հետ», -ասել է Հաջոյանը:
Ռեժիսորն ասում է, որ այս երգով ևս մեկ անգամ ցանկացել են ցույց տալ հայ և եզդիական հերոսական եղբայրությունը. «Որքան էլ թշնամիները փորձեն կոտրել այդ ամուր կապը, եզդի ժողովուրդը միշտ եղել ու լինելու է հայ ժողովրդի կողքին»։
Խդր Հաջոյանն ասում է, որ առաջիկայում մեծ պլաններ ունեն, ցանկանում են վերկանգնել եզդիական հին երգերը ու այն ներկայացնել հանրությանը նորովի։