13/11/2017 13:45
Սամվել Բաբայանի փաստաբանը խոստանում է իր պաշտպանական ճառում հակափաստարկներ ներկայացնել դատախազին
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը իրեն մեղավոր չի ճանաչում և չի ընդունում մեղադրանքը, այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստից հետո հայտարարեց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը՝ մեկնաբանելով մեղադրող դատախազի՝ 7 տարվա ազատազրկման դատապարտելու համար միջնորդությունը:
«Սամվել Բաբայանը և նախաքննության ընթացքում, և դատաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել: Հաջորդ դատական նիստում արդեն մենք մեր պաշտպանական ճառում մեղադրանքների կապակցությամբ կներկայացնենք մեր փաստարկներն ու հակափաստարկները», - Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց Քալաշյանը:
Նա նկատեց նաև, որ իրենց պաշտպանական ճառում ներկայացնելու են, թե ինչի վրա է հիմնված իրենց դիրքորոշումը:
Մեր դիտարկմանը, թե մեղադրող դատախազն իր ճառում ասաց, որ պաշտպանական կողմը երբևէ չի վիճարկել, որ գործով իրեղեն ապացույց համարվող «Իգլան» ռազմամթերք է և ըստ էության, պաշտպանությունը համաձայնել է մեղադրանքում առկա փորձաքննության արդյունքների հետ, փաստաբանը արձագանքեց.
«Պաշտպանական կողմը իր պաշտպանությունը ռազմամթերք լինելը կամ չլինելը վիճարկելու վրա ինչ-որ հատուկ տակտիկա չի կառուցել: Ուղղակի Սամվել Բաբայանը ընթացքում ցանկացավ հավաստիանալ դրանում, և նա հիմա էլ մնում է այդ կարծիքին, որ դա ռազմամթերք չէ: Բայց պաշտպանության կողմը հիմնովին դրա վրա չի խարսխվել»:
Մեր մյուս հարցին, թե ինչի՞ վրա է այդ դեպքում խարսխվում պաշտպանական կողմը, փաստաբանը արձագանքեց. «Հաջորդ դատական նիստին մանրմասն կներկայացնեմ իմ ճառում»:
Սամվել Բաբայանի և մյուս 5 ամբաստանյալների գործով մյուս դատական նիստը կկայանա նոյեմբերի 20-ին: