13/11/2017 15:26
Գյումրու Սև բերդի ներսում հյուրանոցային համարները կանվանվեն երկրաշարժի ժամանակ օգնություն ցուցաբերած երկրների անուններով
Գյումրու՝ գրեթե 2 դարի պատմություն ունեցող ամենաազդեցիկ կառույցներից մեկը՝ Սև բերդն (Սև Ղուլ) այսօր արդեն մասնավոր սեփականություն է: Սեփականատիրոջ՝ ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Միսակ Բալասանյանի հիմնական նպատակն այն մշակույթի ու տուրիզմի կենտրոն դարձնելն է, ինչն էլ, կարծես թե, հաջողվում է:
1830-ական թվականներին, Ռուսական կայսրությունը, որին այդ ժամանակ պատկանում էր այս տարածքը, երկու պաշտպանողական ամրոց է կառուցում՝ մեկը սև, մյուսը՝ կարմիր: Հենց այդ տարիներին էլ Նիկոլայ 1-ինը Գյումրին վերափոխեց իր կնոջ՝ Ալեքսանդրայի անունով՝ Ալեքսանդրապոլ: Կարմիր բերդի տարածքում գտնվում է Հայաստանի ամենամեծ ռուսական 102-րդ ռազմաբազան: Այստեղ կառուցվել է նաև Սուրբ Ալեքսանդրիա եկեղեցին:
Սև բերդի ստորգետնյա ուղիները տանում են դեպի Մայր Հայաստան հուշարձան ու Կարմիր բերդ: Բարեկարգված փակ, հիմնական տարածքն այսուհետ գործելու է որպես համերգասրահ: Սրահի հենց կենտրոնում մեծ, կլոր բեմն է:
«Շենքի ներսում կլինեն նաև հյուրանոցային համարներ, որոնցից յուրաքանչյուրը կկոչվի այն երկրների անուններով, որոնք երկրաշարժի ժամանակ օգնության ձեռք են մեկնել Գյումրիին», - շրջայցի ընթացքում տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի արտաքին կապերի ու ծրագրերի բաժնի մասնագետ Արմեն Հովսեփյանը:
Սև բերդի բացոթյա տարածքում Հռոմի պապի՝ նախորդ տարի Հայաստան այցելության կապակցությամբ հատուկ բեմ-խորան, Սուրբ սեղան է պատրաստվել: Այս սրահում են փակցված այցելության ընթացքում կատարված բոլոր լուսանկարները:
Քանի որ տարածքը բարձր է, բերդի ներսում 30 մետրանոց հոր է փորվել, որտեղից էլ զինվորները ջուր են կրել: Ջրհորի կողքի պատերին բազմաթիվ գրվածքներ կան, որոնք արվել են ռուս զինվորների կողմից. նրանք այնտեղ գրել են իրենց անուններն ու այն քաղաքները, որտեղից եկել են:
Նյութը պատրաստվել է «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավի շրջանակում՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ: