13/11/2017 12:34
Մեղադրողը Սամվել Բաբայանի համար պահանջեց 7 տարվա ազատազրկում. Բաբայանը ճառը լսում էր ժպիտով
Սամվել Բաբայանի և մյուսների գործով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացած նիստում մեղադրող դատախազ Արամ Արամյանը շուրջ մեկ ժամ ներկայացրեց մեղադրական ճառը և միջնորդեց Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման, հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը:
Մեղադրող դատախազի պնդմամբ՝ Սամվել Բաաբյանը մեղավոր է առաջադրված երկու մեղադրանքում՝ ռազմամթերքի ապօրինի շրջանառություն և փողերի լվացում։
Մյուս մեղադրյալներ՝ Սանասար Գաբրիելյանին դատախազը միջնորդեց ռազմամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքի համար 4 տարի ազատազրկում; Անդրանիկ Քոչարյանին՝ 2 տարի ազատազրկում, բայց պատիժը պայմանականորեն չկիրառել, փոխարենը սահմանել 3 տարի փորձաշրջան; Կարեն Քոչարյանին՝ 3 տարի ժամկետով ազատազրկում; Ժորա Զաքարյանին՝ 2 տարի ազատազրկում, պայմանականորեն չկիրառել և փոխարինել երեք տարվա փորձաշրջան; Արմեն Պողոսյանին՝ ազատազրկում 3 տարի, կալանավորումը թողնել անփոփոխ, Դավիթ Հարությունյանին՝ 2 տարի ազատազրկում:
Իր ճառում մեղադրող դատախազը հայտարարեց, որ դատավարության ժամանակ պաշտպանական կողմը ձգտել է ստվեր նետել մեղադրանքի վրա՝ կասկածի տակ դնելով դրա հավաստիությունը, գործով ձեռք բերված ապացույցները։ Նաև ասաց, որ պաշտպանության կողմը դատաքննության ընթացքում փորձել է ապացույց հանդիսացող «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը ներկայացնել որպես անպիտան խողովակ կամ իրենց խոսքով՝ «տրուբա»։
Դատախազի խոսքով, եթե պաշտպանական կողմը համաձայն չէր փորձագետի եզրակացության հետ, որը հաստատել է դրա՝ զենիթահրթիռային համալիր լինելը, ապա կարող էր վիճարկել փորձաքննության արդյունքները։
«Առնվազն կասկածելի է՝ ինչպե՞ս պաշտպանական համակարգում երկար տարիներ աշխատած Բաբայանը չի կարող տարբերել զենիթահրթիռային համակարգը անպիտան տրուբայից», - հայտարարեց դատախազը։
Ռազմամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքի մասով մեղադրողը հայտարարեց, որ դատավարությունը և ձեռք բերված ապացույցները, այդ թվում՝ ներքին դիտում օպերացիայի արդյունքները, ցույց են տվել, որ «Իգլա»-ի ձեռք բերման նախաձեռնությունը գալիս է Սամվել Բաբայանից, ինքն է դրա համար գումար տրամադրել, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկել դրա հետքերը վերացնելու ուղղությամբ։
Դատախազը նաև իր ճառում պնդեց, որ ամբաստանյալների՝ իրենց մեղավոր չճանաճելու փաստարկները զուրկ են հիմքերից։
Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, Անդրանիկ և Կարեն Քոչարյաններին առաջադրված՝ փողերի լվացման մեղադրանքին, դատախազն ասաց, որ դրանք հիմնավորված են որպես ապացույց հանդիսացած Սամվել Բաբայանի կողմից ձեռք բերված եվրոներով, որոնք ներկոտված են եղել հատուկ նյութով։
Նկատենք, որ Ս.Բաբայանը իր պաշտպանական ճառում հայտարարել էր, որ դրանք իրեն պարտք են եղել և ուղարկվել են Ռուսաստանից։
Սամվել Բաբայանը տեղ-տեղ մեղադրանքը լսելիս հեգնախառն ժպտում էր։