14/11/2017 16:04
Նալբանդյանն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը
Նոյեմբերի 14-ին աշխատանքային այցելությամբ Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։
Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ։
Զրուցակիցները քննարկել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։
Քննարկվել է առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։