14/11/2017 11:42
Մեզ մոտ կա բարձ, 2 ներքնակ, ջուր, ծխախոտ, հեռախոս, զարյադչնիկ ու թաց անձեռոցիկ. հացադուլ հայտարարած ուսանողները կգիշերեն լսարանում
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողներն արդեն 6-րդ օրն է՝ շարունակում են դասադուլը:
Ուսանողներից հինգը, այդ թվում նաև «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը անժամկետ հացադուլ են հայտարարել ԵՊՀ Ինֆորմատիկայի ու կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում։
«Դուռը չենք բացելու, սկզբունքայնորեն որոշել ենք, որ դուռը չի բացվելու՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ, ամեն ինչ կարող է տեղի ունենալ», - փակված լսարանից լրագրողներին ասաց Դավիթ Պետրոսյանը։
Նա ընդգծեց՝ եթե նույնիսկ իրենց հայտարարած հացադուլին միացողներ էլ լինեն, միևնույն է, դուռը չեն բացելու։
Դավիթ Պետրոսյանն ասաց, որ հացադուլն անժամկետ է ու պատրաստվում են այսօր գիշերել լսարանում։
«Մեզ մոտ կա մի հատ բարձ, 2 հատ ներքնակ, ջուր, ծխախոտ, հեռախոս, զարյադչնիկ ու թաց անձեռոցիկ», - ասաց Դ. Պետրոսյանը։
Նա շեշտեց՝ իրենց քայլերը կդադարեցնեն, երբ որ օրենքի նախագիծը կասեցվի։
Հիշեցնենք, որ ուսանողներին ընդունել էր վարչապետ Կարեն Կարապետյանը. հանդիպմանը մասնակցել էին նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
Հանդիպումից հետո ուսանողների ներկայացուցիչները հայտարարել էին, որ հակառակ կողմն իրենց տեսակետը չէր կիսում, հետևաբար, շարունակելու են պայքարը:
«Այնուամենայնիվ, հիմնարար հարցերով համաձայնություն չեղավ: Կարեն Կարապետյանը մեզ խորհուրդ տվեց ներկայացնել առաջարկներ, որոնք կքննարկվեն օրենքի ընդունումից հետո», - հանդիպումից հետո ասել էր ուսանողներից Դավիթ Պետրոսյանը։
Ուրբաթ օրը ուսանողները բողոքի ակցիան շարունակվել էր ԱԺ դիմաց, որտեղ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում պետք է քննարկվեր օրինագիծը:
Հիշեցնենք, որ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ուրբաթ օրը գիշերային արտահերթ նիստում չորս կողմ ձայնով դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծին, որն այս շաբաթ երկրորդ ընթերցմամբ կքննարկվի ԱԺ լիագումնար նիստերի ժամանակ: