14/11/2017 12:48
Իսրայելում քրեական հետաքննություն են սկսել անօդաչուներ արտադրող Aeronautics Defense Systems-ի դեմ
Իսրայելի ոստիկանությունը քրեական հետաքննություն է սկսել անօդաչու թռչող սարք արտադրող այն իսրայելական ընկերության դեմ, որի արտադրանքի միջոցով Ադրբեջանը 2017 թվականին ԱԹՍ փորձարկման ժամանակ փորձել էր ռմբակոծել հայկական դիրքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Times of Israel-ը:
Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է. «Aeronautics Defense Systems Ltd. ընկերության նկատմամբ հետաքննություն է ընթանում՝ հայտնի գնորդի հետ կատարված գործարքի շրջանակում»:
Հետաքննությունը վարում է Իսրայելի ոստիկանության միջազգային հանցագործությունների հետաքննության միությունը (Yahbal):
Գործընթաց սկսելու մասին տեղեկությունները հայտնի են դարձել նոյեմբերի 13-ին, երբ իսրայելական դատարանը թույլատրել էր հետաքննության անցկացումը՝ սահմանափակելով տեղեկատվության տրամադրումն այս ուղղությամբ:
Ոստիկանությունը, մասնավորապես, հայտնել է, որ չի հստակեցնելու, թե ով է «հայտնի գնորդը»:
Aeronautics Defense Systems ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրենք պատրաստվում են լիակատար աջակցություն ցուցաբերել հետաքննությանը և «անել առավելագույնը, որպեսզի հետաքննությունը հնարավորինս արագ արդյունք տա»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտպանական արտահանման վերահսկման գործակալությունն օգոստոսին Aeronautics Defense Systems ընկերության համար կասեցրել էր Orbiter 1K տեսակի ԱԹՍ-ն «հայտնի գնորդին» արտահանելու արտոնագիրը: