14/11/2017 19:47
Արմեն Թութունջյանի՝ Չիկոյի հիշատակին նվիրված համերգ կլինի. Մանրամասնում է որդին
Նոյեմբերի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու ջազ-համերգ՝ նվիրված ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Թութունջյանի՝ Չիկոյի հիշատակին: Համերգին ելույթ կունենան հայաստանյան ջազարվեստի գրեթե բոլոր հայտնի ներկայացուցիչները, որոնք տարիներ շարունակ համագործակցել են Արմեն Թութունջյանի հետ՝ նվագելով դեռևս 1992 թվականին նրա կողմից հիմնադրված «Չիկոն և ընկերները» ջազային խմբում:
«Թե կոնկրետ ում մտահղացումն է համերգային այս երեկոն, կդժվարանամ մատնանշել: Կարծում եմ՝ այստեղ կարևորն այն է, որ հորս բոլոր երաժիշտ ընկերները համախմբվեցին համերգ կազմակերպելու գաղափարի շուրջ, ու իր մահվանից ընդամենը օրեր անց մշակույթի նախարարի մոտ արդեն քննարկում էինք կազմակերպման հարցերը: Համերգը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ինչի համար խորին երախտագիտությունս եմ հայտնում նախարար Արմեն Ամիրյանին», -Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց ջազմենի որդին՝ Հայկ Թութունջյանը:
Ի դեպ, Հայկ Թութունջյանն արդեն մի քանի ամիս է՝ աշխատանքի բերումով Մոսկվա է տեղափոխվել: Նկատառմանը՝ դժվար չէ՞ այդ հարցերը կարգավորել հեռավորությունից, պատասխանեց.
«Ճիշտ է՝ կազմակերպչական հարցերով զբաղվում եմ անձամբ, սակայն համերգի կազմակերպման տարբեր հարցերում ինձ շատ են օգնում հորս և իմ ընկերները, հարազատներս: Դա անգնահատելի աջակցություն է, ինչի համար ես երջանիկ եմ: Ընդհանրապես, երջանիկ և հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ հորս հիշատակին նման համերգ կազմակերպել»:
Մոտ 2 ժամ տևողությամբ երեկոյի ընթացքում ելույթ կունենան նաև Հայաստանի պետական ջազ նվագախումբն ու Հայաստանի հանրային ռադիոյի ջազ նվագախումբը: Բեմում կլինեն նաև Արմեն Թութունջյանի աշակերտներն, ովքեր այսօր արդեն կայացած ու ճանաչված երաժիշտներ են, ներկայանում են ոչ միայն Հայաստանում, այլև՝ Հայաստանն են ներկայացնում արտերկրում:
«Համերգի ընթացքում կհնչեն հորս սիրելի բոլոր ստեղծագործությունները: Կհնչեն նաև ստեղծագործություններ, որոնք հենց նա է հեղինակել… Ծրագիրն առավել չեմ մանրամասնի, միայն կասեմ, որ հանդիսատեսին հիանալի ջազային երեկո է սպասվում: Վստահ եմ, որ Արմեն Թութունջյանի ընկերները, երկրպագուները և, առհասարակ, ջազի սիրահարները մեծ բավականություն կստանան և դրական լիցքերով կհեռանան համերգասրահից», - եզրափակեց խոսքը մեր զրուցակիցը: