14/11/2017 18:38
Այժմ առանձնահատուկ սպասումով և պատասխանատվությամբ եմ լցված. Հայկ Մելիքյանը՝ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնին իր մասնակցության մասին
Ընթացքի մեջ է Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը: Այն մեկ հարկի ներքո է համախմբել Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից ժամանող երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտների: Հերթական համերգային երեկոյին ելույթ կունենա վիրտուոզ դաշնակահար Հայկ Մելիքյանը: Փառատոնային համերգին ընդառաջ Aysor.am-ը զրուցեց մաեստրո Հայկ Մելիքյանի հետ:
- Տարիներ շարունակ մասնակցելով ամենատարբեր միջազգային փառատոնների ու մրցույթների՝ այս անգամ ի՞նչ տպավորություններով ու ակնկալիքներով եք մասնակցություն ցուցաբերում Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնին:
- Ինձ համար մեծ ուրախություն և ոգևորություն է ելույթ ունենալ հայրենիքում անցկացվող մի մասշտաբային փառատոնի, որը կրում է Արամ Խաչատրյանի անունը: Իհարկե, անընդմեջ հանդես եմ գալիս աշխարհի տարբեր ծայրերում անցկացվող միջազգային փառատոներին, բայց հավատացեք, ելույթը հայրենի բեմում միշտ սպասվածը, հիշարժանն ու ամենաթանկն է, որը մտապահում ես բոլորից երկար: Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում սպասվող իմ մենահամերգն առաջինն է, և ես առանձնահատուկ ցնծությամբ եմ պատրաստում իմ ծրագիրը:
- Հետևու՞մ եք փառատոնի ընթացքին: Ի՞նչն է Ձեզ գրավում այս փառատոնում:
- Ողջունելի է, որ փառատոնն ընթանում է ամենատարբեր ձևաչափերով. Երևան քաղաքը կարծես շնչում է փառատոնի համերգներով, որոնք անցնում են քաղաքի գրեթե բոլոր դահլիճներում:
- Ի՞նչ համերգային ծրագիր է սպասվում Ձեզ լսելու եկող հանդիսատեսին:
- Սա շատ սպասված մենահամերգ է ինձ համար, քանի որ պատրաստել եմ մի ծրագիր, որում ներառել եմ իմ նվագացանկի ամենավառ ստեղծագործություններից, մասնավորապես Շոպենի երկերից, և, ի դեպ, որոնք շատ վաղուց չեմ ներկայացրել հայ հանդիսատեսին: Դա մի շոպենյան փունջ է, որտեղ ներառել եմ կոմպոզիտորի վալսերից, մազուրկաներից, պոլոնեզներից և էտյուդներից: Համերգի նվագացանկը համալրել եմ նաև Սկրյաբինի մանրանվագներից, որոնք առաջին անգամ եմ կատարելու Երևանում: Եվ իհարկե, իմ կողմից շատ սիրված Ստրավինսկու «Պետրուշկա» սյուիտը, որը հաճախ եմ ներառում իմ համերգների ծրագրերում:
- Նոյեմբերի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգին ընդառաջ ի՞նչ հույզեր ունեք:
- Այս համերգը 2017-ի երևանյան իմ եզրափակիչ միջոցառումն է, այդ պատճառով այժմ առանձնահատուկ սպասումով և պատասխանատվությամբ եմ լցված: