14/11/2017 14:36
Հերմինե Նաղդալյանի բջջայինի պարտքը՝ տեխնիկական խնդրի հետևանք էր. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հրաժարվել է ներկայացրած հաշվից
ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը Aysor.am-ի հետ զրույցում հերքեց տարածված տեղեկատվությունը, թե ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը 2 մլն դրամի պարտք է կուտակել բջջային հեռախոսային խոսակցությունների համար, որը վճարվել է պետբյուջեից։
«2 մլն դրամը՝ չհիմնավորված բամբասանք է: Նման գումար չի եղել: Դեռևս մայիսին Հ.Նաղդալյանի բջջային հեռախոսի համար եղել է խոշոր գումար, որը ԱԺ աշխատակազմի կողմից վիճարկվել է: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պարտքը առաջացել է տեխնիկական խնդրի պատճառով, մասնավորապես, ռոումինգ ցանցում միացված է եղել 3G կապը: Ընկերությունը հրաժարվել է իր ներկայացրած հաշվից դեռևս մայիսին: Ուստի՝ ԱԺ աշխատակազմը գումար չի վճարել, հետևաբար՝ չկար և անհրաժեշտություն փոխհատուցման պահանջ ներկայացրելու», - ասաց Ա.Բաբայանը:
Նա նաև ընդգծեց, որ մայիսին Ազգային ժողովի բոլոր հեռախոսային վարձերը կազմել են 1,4 մլն դրամ:
Ավելի վաղ Հերմինե Նաղդալյանը ասել էր, որ հեռախոսային խոսակցությունների համար խոշոր գումարը տեխնիական անսարքության հետևանք է եղել։