14/11/2017 10:53
ԵՊՀ-ում շարունակվում է դասադուլը. 5 ուսանող այսօր հացադուլ է հայտարարել
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողներն արդեն 6-րդ օրն է՝ շարունակում են դասադուլը:
Ուսանողներից 5-ն այսօր, բացի դասադուլից, նաև հացադուլ են հայտարարել ԵՊՀ Ինֆորմատիկայի ու կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:
«Մեր ընկերներից մի քանիսը ԵՊՀ լսարաններից մեկում հացադուլ են սկսել ուսանողության շրջանում անտարբերության պատճառով: Մենք բոլորս մեղավոր ենք, որ մեր ընկերներից հինգը դիմել են այդ քայլին: Պետք է ամեն ինչ անենք, որ մեր շարքերը ժամերի ընթացքում մի քանի տասնյակով ավելանան», - ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը։
Նշենք, որ հացադուլ հայտարարած ուսանողների մեջ է նաև «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ ուսանողներին ընդունել էր վարչապետ Կարեն Կարապետյանը. հանդիպմանը մասնակցել էին նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
Հանդիպումից հետո ուսանողների ներկայացուցիչները հայտարարել էին, որ հակառակ կողմն իրենց տեսակետը չէր կիսում, հետևաբար, շարունակելու են պայքարը:
«Այնուամենայնիվ, հիմնարար հարցերով համաձայնություն չեղավ: Կարեն Կարապետյանը մեզ խորհուրդ տվեց ներկայացնել առաջարկներ, որոնք կքննարկվեն օրենքի ընդունումից հետո», - հանդիպումից հետո ասել էր ուսանողներից Դավիթ Պետրոսյանը։
Ուրբաթ օրը ուսանողները բողոքի ակցիան շարունակվել էր ԱԺ դիմաց, որտեղ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում պետք է քննարկվեր օրինագիծը:
Հիշեցնենք, որ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ուրբաթ օրը գիշերային արտահերթ նիստում չորս կողմ ձայնով դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծին, որն այս շաբաթ երկրորդ ընթերցմամբ կքննարկվի ԱԺ լիագումնար նիստերի ժամանակ: