15/11/2017 10:12
Ուսանողների պահանջը չկատարվեց. ԱԺ-ն ընդունեց ՊՆ վիճահարույց նախագիծը
Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կողմ քվեարկեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծին։
Վարման կարգով ելույթում «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ասաց, որ 120 գիտաշխատող և դասախոս միացել են դասադուլին՝ հորդորելով դեմ քվեարկել, ինչը ժամանակ կտա լրամշակել օրենքը և հետո նոր ընդունել։
Հիշեցնենք, որ երեկ 5 ուսանող հացադուլ էին հայտարարել՝ պահանջելով պահպանել տարկետման իրավունքը։ Նրանցից մեկի առողջական վիճակը վատացել էր թերսնման պատճառով։
Նախագծին կողմ քվեարկեց 86 պատգամավոր, դեմ՝ 6։
Համաձայն օրենքի՝ տարկետման իրավունքից ուսանողներն այլևս չեն օգտվի։ Տարկետման իրավունքը կպահպանվի միայն այն ասպիրանտների համար, ովքեր մինչև 2020 թ. տարկետման իրավունք են ստացել։