15/11/2017 23:12
Մարդկանց միջև սերտ շփումները մեզ համար ունեն հատուկ նշանակություն. Մոսկվայում հանդիպել են Սարգսյանն ու Պուտինը (Տեսանյութ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կրեմլի պալատում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Բանակցությունների ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը, համագործակցությանը քաղաքական, տնտեսական, անվտանգության, հումանիտար և մշակութային ոլորտներում: Նախագահներ Սարգսյանը և Պուտինը բարձր են գնահատել մշակույթի օրերի անցկացումը երկու երկրներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:
Վ.Պուտինը նշել է, որ բոլոր թիմերը լարված աշխատում են պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, որոնք ձեռք էին բերվել այս տարվա մարտին:
«Այդ աշխատանքը տալիս է դրական արդյունքներ: Ես նույնիսկ չեմ խոսում մեր համագործակցության մասին քաղաքական կապերի, անվտանգության բնագավառներում և տնտեսական ոլորտում, որտեղ անցած տարի սկսել էր աճը, իսկ այս տարի այն աճել է մեկ երրորդով, ինչն, անխոս, ուրախալի է: Ցանկալի կլիներ այդ միտումը պահպանել», - ասել է ՌԴ նախագահը։
Վ.Պուտինը, նշելով, որ ՀՀ նախագահը Մոսկվա է այցելել «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» մեկնարկի կապակցությամբ, ասել է, որ այդ ւղղությամբ էլ բավականին արդյունավետ համագործակցություն կա
«Կցանկանայի Ձեզ շնորհակալություն հայտնել, որ աջակցել եք ցուցահանդեսի կազմակերպմանը, և մենք էլ մեր կողմից ամեն ինչ կանենք, որ Հայաստանի քաղաքացիները ժամանակակից պայմաններում, ժամանակակից միջավայրում հնարավորություն ունենան առնչվելու ռուսական արվեստի ձեռքբերումներին և այն ամենին, ինչով մենք հպարտանում ենք: Այս ուղղությամբ հետագայում էլ համատեղ կաշխատենք», - հանդիպման սկզբում ասել է Վլադիմիր Պուտինը:
Իր հերթին Ս.Սարգսյանն ասել է, որ ուրախ է հանդիպման համար:
«Ակնհայտ է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջընթացը բոլոր ուղղություններով: Մարդկանց միջև սերտ շփումները, մշակութային, կրթական, գիտական կապերը մեզ համար ունեն հատուկ նշանակություն։ Անցյալ տարի Հայաստանում հաջողությամբ են անցել «Ռուսաստանի մշակույթի օրերը», իսկ բառացիորեն այսօր մենք մեկնարկ ենք տալիս «Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակներում մի շարք միջոցառումների, որոնք անցկացվելու են ոչ միայն Մոսկվայում, այլև Ռուսաստանի բոլոր մշակութային քաղաքներում: Շնորհակալություն հրավերի, ջերմ ընդունելության համար», - ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: