15/11/2017 22:27
Պուտինը Սարգսյանին է հանձնել 22 տարի առաջ Երևանում գողացված Միխայիլ Վրուբելի հայտնի կտավը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել 22 տարի առաջ Երևանում Ռուսական արվեստի թանգարանից գողացված Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը։
Նշենք, որ պաշտոնական բանակցություններից հետո նախագահները այցելել են Տրետյակովյան պատկերասրահ, որտեղ «Հայկական մշակույթի օրերի» շրջանակում ներկայացված են Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունները։
Գեղանկարիչ Միխայիլ Վրուբելի հայտնի կտավի հայտնաբերման և վերադարձի մասին այս տարվա մարտին առաջին անգամ խոսել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում:
Ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները Ս.Սարգսյանը առանձնահատուկ շնորհակալություն էր հայտնել նրան Վռուբելի կտավը Հայաստանին վերադարձնելու համար:
«Ռուսաստանի համապատասխան մարմինների ջանքերի շնորհիվ այս կտավը գտնվել է, և այսօր Վլադիմիր Վլադիմիրին հայտնեց Հայաստանին այդ նկարը փոխանցելու ռուսական կողմի մտադրության մասին», - ասել էր Ս.Սարգսյանը: