16/11/2017 16:19
Առաջարկ. Զինծառայությունից խուսափած 27 տարեկան անձինք կարող են վճարել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով տուգանք ու վերադառնալ հայրենիք
Առաջարկվում է հնարավորություն ընձեռել 27 տարին լրացած անձանց զինծառայությունից խուսափելու դիմաց վճարել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը և վերադառնալ Հայաստանի Հանրապետություն:
ԱԺ-ում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հարցով հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանն ասաց, որ իրենք չեն կիսում կառավարության այն մտավախությունը, որ այսպիսով մարդիկ կկարողանան խուսափել ծառայությունից՝ վճարելով որոշակի տուգանք:
«Մենք բարի գործ ենք ուզում անել, որովհետև այդ երեխաները տարբեր պաճառներով են հեռացել երկրից ու դռները նրանց առջև փակել այդքան էլ տրամաբանական չէ: Այս պայմաններից օգտվելով՝ ամեն տարի մարդիկ են վերադարձել: Սրա արդյունքում պետբյուջե մոտ 8 մլն դրամ գումար է մուծվել», - նշեց նա:
Կարինե Աճեմյանն ընդգծեց, որ կառավարությունն առաջարկել է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով տուգանք սահմանել, մինչդեռ պատգամավորներն առաջարկում են տուգանք սահմանել 200-ապատակի չափով:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե արդյոք հնարավոր է, որ օրենքի ժամկետը երկարաձգվի:
«Սա «ռազըվի՞» միջոցառում է, թե՞ հետագայում էլի նման խնդրի առջև ենք կանգնելու: Մենք վերջին անգամ ենք մեր հայրենակիցներին տալիս վերադառնալու հնարավորություն, թե հնարավոր է, որ ամեն տարվա համար նույն խնդրի առջև կանգնենք ու երկարացնենք ժամկետը», - հարցրեց նա:
Կարինե Աճեմյանն ընդգծեց, որ օրենքում փոփոխություն արդեն 9-րդ անգամ է կատարվում և հնարավոր չէ պնդել, որ դրանք վերջին անգամ են արվում. «Եթե պահանջ էլի կլինի ու կառավարությունը դրական եզրակացություն տա, այդ հարցը կլուծվի, սակայն կառավարությունը համարում է, որ այս տարբերակը կարող է օգտագործվել»:
Նշենք, որ օրենքով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված կամ զորակոչից խուսափածներին հնարավորություն ընձեռել վերադառնալ հայրենիք մինչև 2019 թվականը: