16/11/2017 12:23
Սպառումը շատացել է, որովհետև կա եկամուտների աճ ու դրական սպասումներ ապագայի նկատմամբ. Վարդան Արամյան (Տեսանյութ)
Եթե 2018-ին հաջողվի իրագործել մեր ծրագրերը, ապա մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի աճ կունենանք, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
«Այսօր արդեն իսկ սպառման աճ ենք արձանագրել, որը փաստում է՝ կարծես թե ճիշտ ուղղու վրա ենք։ Սպառումը բնութագրում է, թե ինչպիսին է մարդկանց կենսամակարդակը։ Մարդը սկսում է ավելի շատ սպառել, եթե տվյալ պահին իր մոտ կա եկամուտների աճ և եթե ունի ակնկալիք, դրական սպասումներ ապագայի նկատմամբ», - նշեց նախարարը։
Վերջինս նկատեց, որ պետք է կրճատել հանրային հատվածում այն աշխատատեղերը, որոնք անարդյունավետ սնվում են բյուջեից։
«Երբ գնում ենք օպտիմալացման, մեզ քննադատում են, որ աշխատատեղեր ենք վերանայում։ Բերեմ ֆինանսների նախարարության օրինակը, որտեղ մենք ոչ թե վերանայել ենք մարդկանց, այլ աշխատատեղը, թե տվյալ աշխատատեղը ինչ ավելացված արժեք է ստեղծում մարդկության համար և արդյոք ադեկվատ է, որ տվյալ աշխատատեղը սնվի հարկատուներից», - հավելեց նախարարը։
Արամյանը նաև ընդգծեց, որ խիստ վտանգավոր կլինի ավելացված արժեք չստեղծող աշխատատեղ պահպանել սոցիալական խնդիրներ լուծելու համար։