16/11/2017 10:52
Տնտեսական աճն զգալը կախված է մաշկի զգացողությունից. Նաիրա Զոհրաբյանը՝ վարչապետին
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մատնանշեց հինգ պատճառ 2018-ի պետական բյուջեի նախագծին դեմ քվեարկելու համար։
Նրա խոսքով՝ առաջին պատճառն այն է, որ հաջորդ տարվա բյուջեով նախատեսված չէ կենսաթոշակների, նպաստների, նվազագույն աշխատավարձի բարձրացում։
«Դա բացարձակ անթույլատրելի է՝ հաշվի առնելով խայտառակ գնաճը։ Եթե էստեղ լիներ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, կհարցնեի՝ ինչ է կատարվում տարբեր սոցիալական ծառայություններում, ինչի մասին ահազանգում են մեր քաղաքացիները։ Թոշակառուներին ստիպում են խնդրագրեր գրել, որ իրենց կենսաթոշակները վերահաշվարկ, վերագանձում անեն, որովհետև ինչ-որ մի ժամանակ աշխատանքային ստաժի հաշվարկը սխալ է արվել։ Սա բացարձակ անթույլատրելի է», - հայտարարեց Զոհրաբյանը։
Մյուս պատճառը, որի համար Զոհրաբյանը դեմ է քվեարկելու հաջորդ տարվա պետական բյուջեին, «խայտառակ գնաճն է»։
«Հաշվի առնելով նվազագույն կենսաապահովման զամբյուղը՝ գոյություն ունեցող գնաճը կարող է տանել կրկնակի, եռակի աղքատացման», - հայտարարեց պատգամավորը։
Բյուջեին դեմ քվեարկելու մյուս պատճառը, ըստ Զոհրաբյանի, 5560 աշխատատեղի կրճատումն է։
«Ինչքան փորձեցի հասկանալ, թե ինչպես պետք է կրճատված ուսուցիչը կամ բժիշկը գնան աշխատեն Ամուլսարի հանքավայրում որպես հանքափոր, որևէ կերպ չկարողացա պատկերացնել այդ տրանսֆորմացիան», - հայտարարեց պատգամավորը։
Բյուջեով կրթության, գիտության, առողջապահության ծախսերը կրճատվում են, ինչը, ըստ Զոհրաբյանի, հաջորդ պատճառն է բյուջեին դեմ քվեարկելու համար։ Այս դեպքում, պատգամավորի խոսքով, ինչի վրա են հույս դնում կառավարության ներկայացուցիչները, երբ հայտարարում են, թե պետք է ստեղծել գիտելիքահենք տնտեսություն։
Մյուս և վերջին պատճառը բյուջեի նախագծին դեմ քվեարկելու համար՝ «ժողովրդագրական աղետալի վիճակն է»։
«Տասնյակ համայնքներում չկա առաջին դասարան կամ այդ դասարաններում կա լավագույն դեպքում մեկ աշակերտ։ Սա ուղղակի դեմոգրաֆիական աղետ է, խայտառակ արտտագաղթի ուղղակի հետևանքն է։ Ուզում եմ անդրադառնալ վարչապետի մի հայտարարությանը՝ տնտեսական աճը ով է զգում իր մաշկի վրա, ով չի զգում, դա շատ սուբյեկտիվ և անչափելի գործոն է։ Ոչ, պարոն վարչապետ, դա շատ չափելի գործոն է։ Եթե դուք և ձեր թիմը գոնե մեկ օր ձեր մաշկի վրա զգայիք այն, ինչ զգում է շարքային հայ քաղաքացին, ապա վստահաբար չէիք ասի, որ տնտեսական աճը անչափելի գործոն է և կախված է մաշկի զգացողությունից», - հայտարարեց պատգամավորը։