16/11/2017 19:12
Կյանքի ընթացքում մենք անընդհատ էլ փորձությունների մեջ ենք ընկնում. Ռոբերտ Ամիրխանյանը դարձավ 78 տարեկան
Կոմպոզիտոր, ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանն այսօր նշում է ծննդյան 78 ամյակը: Տոնական այս օրը կոմպոզիտորը Մոսկվայում է գտնվում՝ «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակում:
«Երկու օր առաջ եմ Մոսկվա եկել, այսօր վերադառնալու եմ: Մինչ այդ, օրս կանցկացնեմ իմ շուրջը գտնվող արվեստագետ հայ եղբայրներիս հետ, որոնց բոլորին միավորող զգացումը, այն էլ Հայաստանից դուրս, վեր է մեր մյուս կրքերից: Մեզ միավորող գլխավոր սերը հայրենիքի, հողի, մեր երկրի անելիքների զգացողությունն է: Մեկտեղ շնորհավորելով իմ ծննդյան օրը՝ այսօր արդեն իսկ սրբազան կենացներ ենք խմել. առավել զգում ես, որ դու քո հողի, քո պատմության, արժանապատվության, անելիքների զավակն ես: Իսկ զուտ ծննդյան օրը նշելն ինձ համար պասիվ ժամանակ անցկացնելու ձև է, իսկ ինձ համար կարևորը երաժշտությամբ մարդու հոգուն դիպչելն է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Ամիրխանյանը:
Ժողովրդական արտիստը խոստովանեց՝ հայրենիքից հեռու 3-4 օրից ավելի չի կարողանում մնալ: Այս տարի արդեն հասցրել է գործնական նպատակով լինել մի շարք երկրներում, Գերմանիայում էլ հեղինակային երեկոյի է պատրաստվում: Այս բացակայություններն օգնում են, որ գիտակցի՝ իր երկրի մեջ ավելի շատ անելիքներ ունի:
Կոմպոզիտորը ցանկացած տարիքում էլ պահպանում է կյանքի նկատմամբ իր հիացմունքը:
«Կյանքի ընթացքում մենք անընդհատ էլ փորձությունների մեջ ենք ընկնում, բայց երբ գիտակցում ես, որ Մեսրոպ Մաշտոցի ապաշխարության շարականների կրողն ես, 1600 տարի նույն տառերով գրող ժողովրդի զավակն ես, անձնական կյանքդ բոլորովին ուրիշ պատմություն է դառնում», - նկատեց նա:
Անդրադառնալով ստեղծագործական ձեռքբերումներին ու կորուստներին՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ կորուստներ մինչև վերջին տարիներն է ունեցել.
«Տարիներ շարունակ գլխավորել եմ Կոմպոզիտորների միությունը, ու հիմա երջանկություն եմ ապրում այն փաստից, որ կարող եմ դաշնամուրի մոտ նստել ու կարգի բերել իմ բոլոր հին ու նոր ստեղծագործությունները: Դա ինձ մեծ ոգևորություն է ներշնչում: Ի դեպ, ներկա պահին ծրագիր եմ պատրաստում, որի խորհուրդն է՝ 70-ականների կարգախոսն այսօր: Պատրաստվում եմ 70-ականների մեր գործերը, երաժշտությունը, որը շատերի ուշադրությունն էր գրավում ու նախանձ առաջացնում, Հայաստանի կամերային երգչախմբի հետ միասին նորովի բեմ հանել: Համերգային այդ ծրագիրը բեմում կլինի դեկտեմբերին, նաև հայրենասիրական երգերի նոր ծրագիր եմ պատրաստում»: