16/11/2017 14:43
Արմեն Պետրոսյանը՝ «Ֆուլ Հաուս»-ի էկրանային և բեմական գործունեության մասին
Ոչ բոլոր հեռուստանախագծերն են, որ նաև բեմական ճակատագիր են ունենում: «Ֆուլ հաուս»-ին, սակայն, դա հաջողվեց: Թիմը տարեկան գոնե մեկ անգամ շրջագայում է հայաշատ երկրներում՝ հայկական հումորը հասնելի դարձնելով նաև դրսի հայերին: Այս օրերին էլ «Ֆուլ հաուս»-ի անձնակազմը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
«Այս անգամ միայն Ամերիկայում ենք ելույթ ունենալու. նախատեսել ենք 2 համերգ Լոս Անջելես քաղաքում, 1 համերգ՝ Ֆրեզնոյում: Նկատել ենք՝ այստեղ հետաքրքրությունը մեծ է մեր նախագծի նկատմամբ: Թեև, որտեղ էլ լինենք, հանդիսատեսի արձագանքը շատ բուռն է», - Aysor.am-ի հետ զրույցում նկատեց պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը:
Այս տարին «ֆուլ հաուսցիների» համար հագեցած է եղել: Բացի դրսի համերգներից, թիմը նաև հայաստանյան բեմ է բարձրացել:
«Երևանյան հանդիպումները այս տարվա հուլիսից ենք սկսել, վերադառնալուն պես՝ դեկտեմբերին, երկու ներկայացում ևս կունենանք այդտեղ՝ այդպիսով եզրափակելով տարին», - նշեց նա:
Հարցին՝ արդյոք բեմական «Ֆուլ հաուս»-ը կրկնում է էկրանայինին, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Ո՛չ, դրանք տարբեր բաներ են, միակ ընդհանրությունը կերպարներն են: Սա զուտ բեմական համերգ է, որը զրոյից է գրվում: Եվ ասեմ, որ բոլոր կերպարներին էլ հանդիսատեսը սիրով է ընդունում ու ողջունում»:
Այժմ Արմենիա հեռուստաընկերության եթերում սիթքոմի վերջին՝ 7-րդ եթերաշրջանն է: Նույն թիմով նոր հումորային նախագծի մասին թիմակիցները դեռ չեն մտածում:
«Ամեն ինչ ժամանակը ցույց կտա», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Արմեն Պետրոսյանը: