17/11/2017 12:57
Երևանը և Բաքուն համաձայնություն են տվել ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա Վիեննայում, դեկտեմբերի 6-8-ն ընկած ժամանակահատվածում, այս մասին այսօր ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպումն անցկացվի ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման շրջանակում` Վիեննայում, դեկտեմբերի 6-8-ն ընկած ժամանակահատվածում», - ասաց Է. Նալբանդյանն` ընդգծելով, որ երկու կողմերն էլ համաձայնություն են տվել այս հանդիպման վերաբերյալ:
ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց` Հայաստանի համար բանակցային գործընթացին այլընտրանք չկա:
«Մենք կարևորում ենք եռանախագահող երկրների միջնորդական ջանքերն` ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Այս կոնտեքստում էին կազմակերպված եռանախագահների հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Մենք տեղեկացրել էինք, որ այդ հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին գագաթաժողովներին` ժնևում, դրանից առաջ` Սանկտ-Պետերբուրգում, Վիեննայում ձեռք բերված համաձայնությունների իրականացման հնարավորությունները», - ասաց Է. Նալբանդյանը: