17/11/2017 11:45
Զինծառայության մասին օրինագիծը հետ չի կանչվի, փոխարենը նոյեմբերի 22-ին կլինեն լսումներ (Տեսանյութ)
Տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսանողների հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է եղել կազմակերպել խորհրդարանական լսումներ, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որը ուսանողների հետ հիմնական բանակցողն էր։
«Մենք՝ Ազգային ժողովը, ընդունել ենք երիտասարդների առաջարկությունը և ասել, որ պատրաստ ենք կազմակերպել խորհրդարանական լսումներ մեծ դահլիճում։ Մեր խոստումը ուժի մեջ է», - ասաց Շարմազանովը՝ տեղեկացնելով, որ դրանք կլինեն հրապարակային, կհեռարձակվեն ուղիղ եթերով։
Խորհրդարանական լսումները տեղի կունենան նոյեմբերի 22-ին։
Շարմազանովը նաև պնդեց, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը հետ չի կանչվի, սակայն կլինի կառավարության մոտ 70 որոշում, որոնք կարող են մշակվել ուսանողնորի հետ միասին։
«Մի օրում, մի զարկով խնդիրները չեն լուծվի, ուսանողների խնդիրն է եղել իրենց ձայնը լսելի դարձնել, և մենք տրամադրել ենք երկրի ամենաբարձր հարթակը», - հայտարարեց ԱԺ փոխնախագահը։