17/11/2017 17:12
Ինչո՞ւ է Նարեկ Դուրյանի՝ «Իմ կնոջ անունն է Մորիս» ներկայացումից դուրս մնացել դերասան Վահագն Գալստյանը. մեկնաբանում է պրոդյուսերը
Երեկվանից համացանցում շրջանառվում է Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Վահագն Գալստյանի հարցազրույցը, որում դերասանն անդրադարձել է նաև Նարեկ Դուրյանի՝ «Իմ կնոջ անունն է Մորիս» ներկայացման մեջ մեկ այլ դերասանով իրեն փոխարինելուն: Դերասանը խոստովանել է՝ տարեսկզբին շուրջ 6 ամիս Հայաստանից բացակայելուց հետո, բնականաբար, իրեն փոխարինող են գտել. ամեն անգամ ներկայացման մեջ նույն կերպարում իրենցից մեկն էր խաղում, որից հետո ներկայացումը որոշ ժամանակ դադարեցվեց: Սակայն բոլորովին վերջերս համացանցից տեղեկացավ՝ տևական դադարից հետո ներկայացումը կրկին Բոհեմ թատրոնի բեմում է, սակայն ինքն այդպես էլ հրավեր չստացավ:
Վ. Գալստյանի խոսքերով՝ ներկայացումից իր դուրս մնալու պատճառի մասին որևէ հստակ տեղեկություն չունի. Նարեկ Դուրյանի հետ կապ չի հաստատել, թատրոնի պրոդյուսերն էլ իր զանգն անպատասխան է թողել:
Այնինչ, Aysor.am-ի հետ զրույցում թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանն ընդգծեց՝ Վահագն Գալստյանի հետ որևէ անձնական խնդիր չկա, նա հրաշալի մարդ ու դերասան է, պարզապես ժամանակի խնդիր կա, գերզբաղված է: Իսկ եթե նա խնդիր կամ հարցեր ուներ այդ որոշման հետ կապված, կարող էր անձամբ կապ հաստատել թատրոնի տնօրինության հետ ու պարզաբանում ստանալ:
«Վահագնը բավական երկար ժամանակ ճամփորդության էր մեկնել, իր վերադարձից հետո էլ ժամանակի խնդիր ուներ՝ մի օր հիվանդ էր, մի օր՝ նկարահանման, մի օր էլ չէր կարողանում Դրամատիկական թատրոնի ներկայացումները մեր թատրոնի հետ հարմարեցնել: Մի քանի անգամ զանգել ենք, որ օրերն իր հետ հարմարեցնենք, բայց ինքն անընդհատ հարցնում էր՝ կարո՞ղ է արդյոք Գարիկ Միրզոյանը (փոխարինող դերասանը՝ հեղ.) խաղալ՝ պատճառաբանելով զբաղվածությունը: Ու մենք իր փոխարեն աշխատանքի վերցրեցինք Գարիկին: Ես հիմա պարտավոր եմ այդ դերասանին անընդհատ ներկայացման մեջ ներգրավել, նա փորձ է արել, ամիսներ շարունակ աշխատել է այդ կերպարի վրա, մարդկային չի լինի նրան միայն փոխարինող «պահել»», - նշեց պրոդյուսերը:
Ներկայացումը բոլորովին վերջերս էլ մեկ այլ դերասանի՝ Ռաֆայել Երանոսյանի՝ Հայաստանից բավակայության պատճառով նույն խնդրի առաջ էր կանգնած:
«Երկու-երեք ամիս էր, այս ներկայացումը չէինք խաղում, քանի որ Ռաֆայել Երանոսյանն էր երկրից դուրս գտնվում: Նա անձամբ խնդրեց, որ իր փոխարեն նոր դերասան ներմուծենք, քանի որ հետագայում էլ դրսում հյուրախաղեր ունի, չի ուզում, որ ներկայացումը տուժի: Այնպես, որ սա նորմալ երևույթ է, ո՛չ ներկայացումը, ո՛չ էլ մեկ այլ դերասան չպետք է տուժի մյուս դերասանի զբաղվածության պատճառով», - եզրափակեց Քրիստինա Հովհաննիսյանը: