18/11/2017 11:57
Արամ MP3-ն ու Սևակ Խանաղյանը անմոռանալի երեկո են պարգևել երիտասարդներին
Նոյեմբերի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նշվել է Ուսանողության միջազգային օրը։
Երեկոյին ներկա են եղել և իրենց շնորհավորանքները երիտասարդներին հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Երևանից և հանրապետության մարզերից հրավիրված շուրջ 13 հազար երիտասարդների համար կատարումներով հանդես են եկել սիրված երգիչներ Արամ MP3-ը և Սևակ Խանաղյանը։
Սևակ Խանաղյանը, շնորհավորելով Ուսանողության միջազգային տոնը, նշեց, որ ուրախ է գտնվել այս բեմում և երգել այսքան լավ մարդկանց համար։ Նա կոչէ արել ուսանողներին ուսման տարիներից վերցնել հնարավորինս շատ գիտելիքներ, որպեսզի հետագայում չզղջան։
Արամ MP3-ը ցանկացել է երիտասարդներին՝ լինեն խենթ ու խելառ, էքսպերիմենտներ սիրող, հաղթահարեն արգելքներն ու միշտ առաջ գնան։
Կազմակերպիչներն անակնկալ էին պատրաստել ներկաներին. հանդես են եկել նաև ամերիկահայ մեծահամբավ երգիչ Սեբուհ Սիմոնյանն և դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը։
Համերգը կայացել է երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Երեկոյի կազմակերպիչներն էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Ջազի հայկական ասոցիացիան։