18/11/2017 16:00
Երեխա պետք է ունենալ, որ աշխարհը հարստանա ևս մեկ մարդով, քո տան մեջ շատանա սերը, լույսը, ջերմությունը. ծնվել է Գոռ Պետրոսյանի որդին
Ռեժիսոր Գոռ Պետրոսյանի և հաղորդավարուհի Մերի Ներսիսյանի ընտանիքը օրերս համալրվեց ևս մեկ փոքրիկով: Նոյեմբերի 15-ին 54 սմ հասակով ու 4 կգ 350 գրամ քաշով լույս աշխարհ եկած Ռոբերտը, ով ծնողների երրորդ զավակն ու միակ որդին է, այսօր արդեն տուն է գնացել:
«Մենք նրա ծնունդին սպասում էինք նոյեմբերի 20-ից հետո, բայց նա մի փոքր շտապեց: Այդ ժամանակաշրջանն ինձ համար բավական ծանրաբեռնված էր, օրը գրեթե 24 ժամ աշխատանքային ռեժիմի մեջ եմ, բայց այդ օրն ամեն ինչ թողեցի ու կնոջս մոտ մնացի՝ ներկա գտնվելով որդուս ծնունդին, ինչպես և նախորդ անգամներն՝ աղջիկներիս ծնունդին: Քանի որ գերզբաղված եմ, հավանաբար, մեծ ու սիրուն «փարթի» կանենք մի քանի օր անց», - Aysor.am-ի հետ զրույցում ժպիտով ու հուզմունքով նշեց Գոռ Պետրոսյանը:
Ի տարբերություն շատ հայրիկների՝ Գոռի համար որդի ունենալը գերնպատակ չէր: Ինչպես ինքն է նշում՝ կարևորն առողջ ու երջանիկ բալիկ ունենալն է:
«Մենք այն ընտանիքներից չենք, որոնց համար տղա ունենալը երազանք ու բաղձանք է եղել, Աստծուց ու մեր ճակատագրից մեր փափագը միշտ էլ մեկ բան է եղել՝ ունենալ առողջ երախաներ»,-նկատեց նա:
Ռոբերտի քույրիկները՝ 8-ամյա Էվան և 1,5 տարեկան Սառան, փոքրիկ եղբորն անհամբեր են սպասել ու հիմա նույն ջերմությամբ էլ շրջապատել են նրան:
«Առաջինն Էվան է տեսել եղբորը: Երջանկությունից գլուխը կորցրել էր: Նկատել եմ, նրա մոտ խանդն, առհասարակ, բացակայում է, նույն ոգևորությամբ ու սիրով մեկ ու կես տարի առաջ փոքր քույրիկին է ընդունել: Ամեն օր ապշում եմ, թե ինչպես են նրանք միմյանց սիրում: Վստահ եմ՝ նույն սիրով էլ Ռոբին են վերաբերելու», - ասաց նա:
Անդրադառնալով անվան ընտրությանը՝ ռեժիսոր հայրիկը խոստովանեց. թեև Ռոբերտը պապիկի անունն է կրում, սակայն դա միտումնավոր չի եղել: Ի դեպ, Գոռի քույրիկն էլ հիմա արու զավակի է սպասում, ով լույս աշխարհ կգա 2 ամիս անց: Ի սկզբանե նա էր հակված՝ ապագա որդուն հայրիկի անունով կոչել.
«Քույրիկիս ավագ որդին՝ Սամվելը, հայրական պապիկի անունն է կրում: Քույրս երազում էր երկրորդ որդու մասին, ում անունը Ռոբ կդնեն: Ու հետաքրքիրն այն է, որ երկու ամսից նրա երկրորդ որդին կծնվի: Բայց երբ միասին խոսում էինք այդ թեմայով, նա նրբանկատորեն ակնարկեց, որ ինքն իր այդ ցանկությունից կհրաժարվի ու ինձ կթողնի այդ անունը դնելու իրավունքը՝ իրենց որդուն տալով Էմիլ անունը… Գիտեք, երեք երեխաներիս դեպքում էլ հակված ենք եղել ընտրել անուններ, որոնք մեր ընտանիքում չկան: Աղջիկներիս դեպքում այդպես էլ արեցինք, և ասեմ, որ անվան ընտրությունը, ինչպես և այս անգամ, վերապահել եմ կնոջս: Ինչ վերաբերում է Ռոբերտ անվանը, դա հայրիկիս անունն է, ով արդեն 11 տարի է՝ մեզ հետ չէ: Նպատակ չեմ ունեցել Ռոբ անունը ընտրել՝ հայրիկիս անունը որդուս փոխանցելու սկզբունքով: Անգամ մտավախություն ունեի, որ մայրս ու մեր բոլոր ազգականները փոքր Ռոբին կընկալեն որպես մեծի շարունակություն, իր անունը տալիս հաճախ կտխրեն, ինչն ինձ կարող էր ցավեցնել: Առաջին ասողներից մեկը, որ Ռոբերտ անունը գեղեցիկ անուն է, արի այդ անունը դնենք, Մերին է եղել: Ու եկանք այն եզրակացության, որ Ռոբերտն առանձին անհատականություն է, նոր մարդ, ու եթե պապիկին ինչ-որ բաներով կնմանվի, ապա միայն կշահի»:
Երիտասարդ բազմազավակ ընտանիքը Գոռի մայրիկի հետ է ապրում: Հարցին՝ երկու կանանց ներկայությունն ընտանիքում բավարա՞ր է երեք երեխաների խնամքի համար, թե՞ կողմնակի օգնության կարիք կզգացվի, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Մենք աշխատանքի հստակ բաժանում ենք արել. շատ բաներ մայրիկիս է վստահված, լիքը հոգսեր իր վրա է վերցրել Մերիի մայրիկը: Առաջիկայում էլ մեզ կմիանա մի կին, ով կօգնի Էվայի դասերի հարցում»:
Զրույցի վերջում ռեժիսորը ևս մեկ անգամ ընդգծեց՝ հորդոր-կոչով դիմելով բոլոր երիտասարդ ընտանիքներին.
«Ամեն անգամ ասում եմ ու նորից կասեմ՝ երեխայի սեռը չի կարելի կուռք դարձնել: Սեռի պատճառով հրաժարվել երեխայից, հղիության արհեստական ընդհատում անել՝ ոճրագործություն է: Երեխա չենք ունենալու մեր ամբիցիաները փարատելու համար, երեխա չպետք է ունենանք մեր ծերությունն ապահովագրելու, կամ՝ ազգանունը շարունակելու համար: Երեխա պետք է ունենալ, որ աշխարհը հարստանա ևս մեկ մարդով, քո տան մեջ շատանա սերը, լույսը, ջերմությունը: Շատ զույգեր տարիներով տառապում են, որպեսզի գոնե մեկ բալիկ ունենան: Աստծո տված պարգևը պետք է սիրով ընդունել: Հետագայում արժանավոր մարդ կլինի, թե ոչ՝ սեռի հետ կապ չունի, դա քո տված դաստիարակության, կրթության, իրեն շրջապատող միջավայրի հետ կապ ունի: Այսօր ծերանոցներում շատ մարդկանց ենq տեսնում, ովքեր որդիներ ունեն: Շատ բալիկներ ունեցեք, սիրեք, փայփայեք ու խնամեք նրանց»: