20/11/2017 12:26
Լավրով. Ղարաբաղի հարցում համագործակցությունը չի տուժել ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների հետևանքով
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև փոխգործակցությունը չի տուժել երկու երկրների հարաբերությունների ներկայիս վիճակից, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի Դիվանագիտական ակադեմիայում:
«Ղարաբաղյան կարգավորման հարցում համագործակցությունը չի տուժել մեր երկկողմ գործերում տեղի ունեցող գործընթացներից», - ասել է նա՝ նշելով, սակայն, որ «հարաբերությունների շատ ոլորտներ փակուղի են մտել»:
«Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասին ունենք ընդհանուր դիրքորոշում, այն լավ հայտնի է, - շարունակել է Լավրովը: - Պարբերաբար համանախագահները և այս երեք երկրնեի ներկայացուցիչները հանդիպում են դեսպանների, նախարարների մակարդակով և պարբերաբար այցելում տարածաշրջան»:
Ռուսաստանի արտգործնախարարը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը, որը տեղի է ունեցել հոկտեմբերին, թույլ կտա հաղթահարել «որոշ լճացումը» Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: